Կհաղթեն նրանք, ովքեր կկարողանան ճիշտ դիրքորոշվել, չընկրկել թշնամու դեմ և հավատալ սեփական կարողություններին. Արամ Շահնազարյան

168.amԹեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանին խնդրեց գնահատել՝ ինչպիսի՞ն էր 2024 թվականն Իրանի և Հայաստանի համար, ինչպես նաև՝ Իրան-Հայաստան հարաբերությունների համար, և հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպիսի՞ տարի է լինելու 2025 թվականը, ինչի՞ն պատրաստվել:

Շահնազարյանի խոսքով, Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման ընթացքը բնականոն էր, թեև օգտագործվում է առկա հսկայական ներուժի ընդամենը փոքր հատվածը։

«Հայաստանն Արևմուտքի հետ անպտուղ սիրախաղերի փոխարեն՝ իր անվտանգությունն ապահովելու համար հայացքը պետք է ուղղի դեպի Արևելք, որտեղ առանցքային նշանակություն ունի բոլոր ոլորտներում Իրանի հետ հարաբերությունների զարգացումը։ Ես կցանկանայի հատուկ ընդգծել քաղաքական և ռազմական ոլորտներում հարաբերությունների զարգացումը, որոնք կենսական նշանակություն կարող են ունենալ՝ հատկապես ՀՀ ինքնիշխանության պահպանման գործում։

Եվ, չնայած վերջին իրադարձություններից ելնելով՝ Իրանը որոշակիորեն զիջել է իր դիրքերը, սակայն ունի բոլոր հնարավորություններն իրադարձությունների ընթացքը կտրուկ փոխելու համար, մանավանդ, երբ հաշվի ենք առնում այն իրողությունը, որ այս հարափոփոխ տարածաշրջսնում մակընթացությունները և տեղատվությունները կարճատև են, և շատ արագ մեկը կարող է փոխարինել մյուսին։

Կարդացեք նաև

Իսկ ինչ վերաբերում է 2025 թվականին, ապա հաշվի առնելով զարգացումները՝ պետք է նշել՝ այն չափազանց բարդ ու անկանխատեսելի տարի է լինելու՝ առանց բացառության՝ տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Կհաղթեն նրանք, ովքեր կկարողանան ճիշտ դիրքորոշվել, չընկրկել թշնամու դեմ և հավատալ սեփական կարողություններին։ Ահա տարածաշրջանում զիջումը մահվան հավասարազոր բացթողում է։ Պատմությունն է այդ մասին վկայում»,- ամփոփեց նա:

Տեսանյութեր

Լրահոս