«Նոր տարի 2025» տոնական միջոցառում արցախցի երեխաների համար
«Հայկական առաքելություն» բարեգործական հիմնադրամը դեկտեմբերի 19-ին իրականացրել է «Նոր տարի 2025» տոնական միջոցառումը։
Ծրագրի շահառու են եղել Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված և Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերում, Երևանում բնակվող ընտանիքների 2-7 տարեկան երեխաներ։ «Հայկական առաքելության» նվիրատուների, աջակիցների և բարերարների ջանքերով հնարավոր է դարձել ծրագրի շրջանակներում ամանորյա տոնական օր պարգևել 250 երեխաների։
Միջոցառումը ներառել է «Ծիլ» տիկնիկային ստուդիայի՝ Արցախի բարբառով բեմադրած թատերական ներկայացում, ինչպես նաև շահառուներին ամանորյա նվերների տրամադրում։
«Հայկական առաքելություն» հիմնադրամի տնօրեն Սիրանուշ Ասատրյանի խոսքերով՝միջոցառման նպատակը ոչ միայն Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին ամանորյա տրամադրություն պարգևելն է, այլ նաև ընտանիքների միջև կապերի հաստատումը, քանի որ բնակության ներկա վայրերում ուժեղ, կայուն ու զարգացող արցախյան համայնքն Արցախ վերադարձի կարևորագույն հիմքերից է։
«Հայկական առաքելության» նպատակն է օգնել Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ հաստատվելու հայրենիքի այս հատվածում՝ անխախտ պահելով Արցախ վերադարձի ցանկությունը, հույսը և հնարավորությունը։
Հիմնադրամի աշխատանքներն սկսել են 2023 թ․ սեպտեմբերից։