Եթե Թրամփը Հրվ. Կովկասում հեռադիր քաղաքականություն վարի, այն ռեգիոնի համար բացասական հետևանքներ կունենա․ վերլուծաբան
«2025-ը ոչ պակաս մարտահրավերային է լինելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի նախկին դիվանագետ Իրակլի Մենաղարիշվիլին՝ ամփոփելով 2024թ. ընթացքում գրանցված ռեգիոնալ իրադարձություններն ու ներկայացնելով 2025թ. քաղաքական կանխատեսումները։
Նրա գնահատմամբ՝ տարին բուռն ու լարված էր հատկապես Վրաստանի համար։
Ըստ նրա, եթե Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում գործ ունեինք ավանդական խնդիրների փաթեթի հետ, ապա Վրաստանում լարվածության նոր ալիք ու զարգացումներ են երկրի արտաքին քաղաքական վեկտորի շուրջ։
«Խորհրդարանական ընտրություններ, հետընտրական զարգացումներ, նախագահական ընտրություններ ու կրկին զարգացումներ՝ ցույցեր ամենօրյա ռեժիմով, իշխանության կողմից հատուկ միջոցառումներ, ԵՄ-ի, այլ երկրների կողմից սպառնալիքներ, սանկցիաներ։ Առջևում ոչ պակաս մարտահրավերային ժամանակներ են լինելու, քանի որ հասարակության մի ստվար հատվածը չի հարմարվում իշխանության կայացրած որոշումների՝ մասնավորապես ԵՄ անդամակցության ակտիվ գործընթացը հետաձգելու որոշման, օտարերկրյա գործակալների օրենքի և մի շարք այլ որոշումների հետ»,- ասաց Մենաղարիշվիլին։
Նրա խոսքով, հաջորդ տարի ևս ցույցերը կշարունակվեն, քանի որ հնարավոր չէ պնդել, թե ճգնաժամը հաղթահարված է։
«Աշխարհաքաղաքական անգամ փոքր փոփոխությունները՝ այն երկրներում, որտեղ կա արտաքին քաղաքական բացարձակ կոնսենսուս, չափազանց բարդ է»,- նկատեց դիվանագետը։
Ինչ վերաբերում է ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացին, ապա վրացի վերլուծաբանի խոսքով, այս տարվանից սպասելիքներն ավելի շատ էին։
Նրա համոզմամբ, կարող էին բանակցել ու ավարտին հասցնել Խաղաղության համաձայնագրի համաձայնեցման ու ստորագրման հարցը։
«Եթե չեմ սխալվում, տարեսկզբին ակնկալիքներն այդպիսին էին, որ համաձայնագիրը կստորագրվի 2024-ի ընթացքում, սակայն զարմանալիորեն բանակցությունները մեծ առաջընթաց չունեցան, կարծես վերջնական փուլում կողմերն արգելակեցին, ինչը լի է իրավիճակի լարման վտանգով։ Բացի այդ, ես այն համոզմունքն ունեմ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավելի հեռադիր քաղաքականությունը Հարավային Կովկասից՝ բացասական ազդեցություն է ունենալու ռեգիոնի վրա։ Խոսքը թե ներվրացական զարգացումների, թե ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի, և թե ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին է։ Այնուամենայնիվ, թերևս, սպասենք և տեսնենք, թե ինչպես կաշխատի նոր Պետքարտուղարությունը և ինչ առաջնահերթություններ կսահմանի»,- ասաց նա։
Իրակլի Մենաղարիշվիլիի կարծիքով, դա որոշիչ է լինելու ռեգիոնի աշխարհաքաղաքական կողմնորոշման տեսանկյունից։