Ուկրաինա գերմանացի խաղաղապահներ ուղարկելը հնարավոր է միայն ՌԴ համաձայնությամբ. Գերմանիայի կանցլերի թեկնածու
Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ, Բունդեսթագի CDU/CSU խմբակցության ղեկավար և Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ գերմանացի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելը հնարավոր է միայն միջազգային մանդատով և Ռուսաստանի համաձայնությամբ։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է dpa-ին տված հարցազրույցում։
«Եթե կա խաղաղության համաձայնագիր, և եթե Ուկրաինային երաշխիքներ են պետք դա ապահովելու համար, ապա դա կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե դրա համար լինի ոչ վիճելի մանդատ՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Ես դա չեմ տեսնում այս պահին», – ասել է Մերցը: «Ես կցանկանայի, որ այս մանդատը կոնսենսուսի մեջ լիներ Ռուսաստանի հետ, այլ ոչ թե կոնֆլիկտի մեջ»:
Մերցին հարցրել են, թե ՆԱՏՕ-ին անդամակցելուց բացի Ուկրաինայի անվտանգության ի՞նչ երաշխիքներ կարող է պատկերացնել։
«Ես այսօր չեմ պատկերացնում, որ ինչ-որ բան գնա այդ ուղղությամբ, քանի որ մենք հեռու ենք նման զինադադարից։ Սրանք բոլորը հարցեր են, որոնք պետք է հստակեցվեն առաջիկա մի քանի շաբաթների, իսկ գուցե ամիսների ընթացքում»,- պատասխանեց նա։
Գերմանացի քաղաքական գործչի խոսքով՝ ինքը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնել Ուկրաինայում։
Նա նաև անհամաձայնություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, ով կարծում է, որ դրա պատճառով Բեռլինը չպետք է գերմանական Taurus հրթիռներ մատակարարի Կիևին։ Մերցի խոսքով՝ առնվազն երեք երկիր՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, արդեն իսկ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարել են նմանատիպ զինատեսակներ։
Մերցի կարծիքով՝ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալով ԱՄՆ քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ կտրուկ կփոխվի, գրում է Deutsche Welle-ն։