«Խուճապ չեմ տարածում, բայց ցանկացած պահի կարող է ռազմական էսկալացիա սկսվել». Արմեն Բաղդասարյան

ԵԱՏՄ-ում նախագահությունը Նիկոլ Փաշինյանն ավարտեց Բելառուսի նախագահի հետ վեճով: Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ Լուկաշենկոն իրեն շատ տգեղ պահեց, Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց:

«Լուկաշենկոն ոչ մեկի աչքի լույսը չէ, եթե պարզ ասենք՝ իրեն հասնում էր, դեռ մի բան էլ քիչ ասաց, հարցը դա չէ, հարցը Հայաստանի վերաբերմունքն է ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ: Այդ հարաբերություններում Հայաստանը պետք է, ի վերջո, կողմնորոշվի, որովհետև այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող: Տպավորություն ունեմ, որ այնտեղից էլ շտապեցնում են, որ Հայաստանը վերջնականապես կողմնորոշվի, և քանի դեռ այդ կողմնորոշումը չկա, այդ խայթոցները միշտ լինելու են, որը պատիվ չի բերում Հայաստանի իշխանություններին: Ինձ չի հետաքրքրում՝ Բելառուսի իշխանություններին պատիվ բերում է, թե ոչ, Լուկաշենկոն այն մարդը չէ, որի մասին մենք պետք է մտածենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները հստակություն չեն մտցնում, որովհետև ԵԱՏՄ-ն Հայաստանին տնտեսական որոշակի լուրջ դիվիդենտներ է բերում, իսկ ՀԱՊԿ-ը իրեն այնպես չի պահել, ինչպես ՀՀ իշխանություններն էին պատկերացնում:

«Այնտեղից ասում են՝ չեք կարող անվտանգայինը տնտեսականից առանձնացնել: Եզրակացությունն այն է, որ Հայաստանն ի վերջո պետք է կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Երբ սա ասվում է, միանգամից ասում են՝ ռուսամետ ես, ռուսները մեր գլխին այս օյինը բերեցին, այն օյինը բերեցին, իհարկե, Ռուսաստանը պուպուշ չէ, մեր բարեկամը չէ, վտանգավոր է, և հենց դրա համար պետք է հարաբերությունները կարգավորել, որովհետև կարող է մեզ վնասել, և մենք դրան դիմակայելու մեխանիզմներ չունենք: Բոլոր այն դեպքերում, որտեղ Ռուսաստանն ուզում է ինչ-որ մեկին վնասել, կարողանում է, և կապ չունի՝ Արևմուտքը օգնո՞ւմ է, թե՞ ոչ. Վրաստանին ընդհանրապես չօգնեց՝ Վրաստանն ունեցավ տարածքային կորուստներ, Ուկրաինային օգնեց՝ Ուկրաինան տարածքային կորուստներ ունեցավ, մարդկայինի մասին դեռ չեմ խոսում: Արևմուտքին ապավինել և Ռուսաստանի հետ կոշտ տոնով խոսել, կարծում եմ՝ Հայաստանը դրա ռեսուրսները չունի, որքան էլ մեր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ բացասական լինի, բայց արտաքին քաղաքական հարաբերություններում էմոցիաներով չեն առաջնորդվում»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» տալ, բայց այնպես, որ թղթերով դա մնա ձևականորեն Հայաստանի կազմում.

«Այսինքն՝ իբր դա Հայաստանի սուվերեն տարածքն է, բայց Հայաստանը դրա հետ որևէ կապ չունենա: Ադրբեջանն իր խնդիրն ունի. Այնտեղ էլ ներքաղաքական խնդիրներ կան, ասում են՝ այդքան զոհ տվեցինք, ուրեմն՝ պետք է առավելագույնը պոկել՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է վերցնել, ավելին՝ ամբողջ «Զանգեզուրը» պետք է վերցնել: Իրենք էլ իրենց դեմքը փրկելու խնդիր ունեն: Իրանը կարող է ստիպված լինել հրաժարվել իր կարմիր գծերից, քանի որ Իրանի դիրքերը տարածաշրջանում թուլացել են, ուժերի հարաբերակցությունը խախտվել է:

Արևմուտքի համար այդ ճանապարհը բացելը լավ է միայն մի դեպքում, եթե Ռուսաստանը դրա հետ կապ չունենա: Թուրքիայի և Ադրբեջանի համար այդ ճանապարհը բացելը լավ է, եթե այդտեղ Հայաստանը կապ չունենա: Ռուսաստանի համար էլ, եթե այդ ճանապարհն իրենք պետք է չվերահսկեն, ուրեմն՝ ավելի լավ է՝ ընդհանրապես չաշխատի այդ ճանապարհը: Հենց սրա համար եմ ասում, որ «Խաղաղության խաչմերուկ» կոչվող թղթի կտորը, որ իշխանությունները տանում ամեն տեղ գովազդային բուկլետի նման ցույց են տալիս ու չեն էլ հասկանում, թե ինչու են բոլորը ծիծաղում, դա որևէ մեկին ձեռնտու չէ»:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, նա նշեց, որ վարվում են այնպես, ինչպես չպետք է վարվեին. «Վարվում են այնպես, ինչպես մեր թշնամիները կերազեին, որ Հայաստանի որևէ իշխանություն վարվի, այսինքն՝ հարաբերությունները փչացնել բոլոր հարևանների հետ, փորձել ձևավորել այնպիսի օրակարգ, որը որևէ հարևանի ձեռնտու չէ, փորձել հույսեր կապել Արևմուտքի երևութային աջակցության հետ, որը տեղի չի ունենալու: Բնականաբար, բոլորը պետք է օգտվեն դրանից, Հայաստանը, կոպիտ ասած՝ դարձել է ամբողջ տարածաշրջանի աչքի փուշը, և պետք է փորձեն առավելագույնը պոկել: Որևէ թշնամի, որը ցանկանար Հայաստանին թուլացնել, պետք է այնպես աներ, որ Հայաստանն այդպիսի արտաքին քաղաքականություն վարի. Այն, ինչ տեսնում ենք»:

Նա նկատեց՝ Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններն ու նախկին նախագահներին բանավեճի հրավիրելը քննարկվում է հիմնականում ներքաղաքական համատեքստում, բայց ըստ նրա՝ բովանդակային առումով այդ բանավեճն անցյալի մասին չէ. «Այդ բանավեճն այսօրվա և վաղվա մասին է:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները բանակցել են, որպեսզի Ղարաբաղը վերադարձնեն Ադրբեջանի կազմ: Սա այն է, ինչ Ադրբեջանն էր ասում մի քանի տասնամյակ շարունակ: Իսկ երբ հարցն այդպես է ներկայացվում, ստացվում է, որ ՀՀ իշխանություններն անընդհատ բանակցում էին Ղարաբաղը վերադարձնելու մասին, բայց արհեստականորեն ձգձգում էին, չէին վերադարձնում, ի վերջո, Ադրբեջանի համբերության բաժակը լցվեց, Ադրբեջանը հարձակվեց, ուժով վերցրեց, որովհետև Հայաստանի իշխանություններն անընդհատ խաբում էին: Սա է էությունը:

Հետևաբար՝ դա նշանակում է, որ Ադրբեջանը լավ է արել՝ հարձակվել է և ուժով վերցրել, որովհետև Հայաստանի իշխանություններն անընդհատ բանակցում էին, ձգձգում էին, խաբում էին: Այսինքն՝ արդարացնում է Ադրբեջանին: Իսկ ինչո՞ւ է արդարացնում, որովհետև այդ տրամաբանությամբ, եթե մենք սխալ ենք, իրենք ճիշտ են, ուրեմն՝ մենք պետք է կատարենք Ադրբեջանի բոլոր պահանջները, որովհետև մենք ենք մեղավոր: Այսինքն՝ սա անցյալի մասին չէ: Նիկոլ Փաշինյանը հանրային գիտակցության մեջ արմատավորում է այն միտքը, որ Ադրբեջանն ինչ արել է, լավ է արել, մենք պետք է համակերպվենք, և դրա համար մեղավոր կլինեն նախկինները: Այսինքն՝ խնդիրը հետագա զիջումների համար քարոզչական հող նախապատրաստելն է, և ոչ թե՝ անցյալի սխալները, մեղքը սրա կամ նրա վրա բարդելը»:

Նրա կարծիքով՝ նախկին նախագահներն ընդհանրապես չպետք է արձագանքեին Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերին:

«Մարդիկ հիմա թմբիրի մեջ են, իրենց թվում է՝ վտանգները շատ հեռու են, բայց այդ վտանգները շատ մոտ են: Ցանկացած պահի կարող է ռազմական էսկալացիա սկսվել՝ ցանկացած պատրվակով: Մենք այս իրավիճակում քննարկում ենք, թե 30 տարի առաջ ով էր մեղավոր: Սա իշխանությունների բերած օրակարգն է. Անցյալը բերել են ասպարեզ, որ հասարակության ուշադրությունն ապագա վտանգներից շեղի»,- ընդգծեց նա՝ նշելով, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կետերից յուրաքանչյուրը կարող է դառնալ նոր պատերազմի լեգիտիմ հիմք:

«Սա ես որ ասում եմ՝ խուճապ տարածելու համար չեմ ասում, ուղղակի ցանկացած հասարակություն եթե ինֆորմացված է, ուրեմն՝ պաշտպանված է: Նիկոլ Փաշինյանը կարող է ասել՝ քովիդի թեստս դրական է, հո մեր պետությունն էլ չի՞ կարող ասել՝ քովիդի թեստս դրական է, ժամանակ տվեք»,- նշեց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս