
«Պատուհանը բացելիս մաքուր օդի հետ փոշի էլ է մտնում». Իրանի դեսպանը՝ Սրբուհի Գալյանի հետ հանդիպման ժամանակ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում է գերատեսչությունը՝ հավելելով, որ նախարարը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը՝ մասնավորապես շեշտելով Արդարադատության նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։
ՀՀ արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ անդրադառնալով Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերություններին՝ ԻԻՀ դեսպանը կարևորել է խնդիրներին միասնական լուծում տալու ձևավորված պրակտիկայի շարունակական կատարելագործումը՝ մեջբերելով հետևյալ ասույթը՝ «Պատուհանը բացելիս՝ մաքուր օդի հետ փոշի էլ է մտնում»: Դրան ի պատասխան Արդարադատության նախարարը վերահաստատել է ջանքերի մեկտեղումը՝ ծագող խնդիրներն արագ ֆիլտրելու և լուծելու հարցում:
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել արդարադատության համակարգին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
«Քննարկվել են մեր երկրում անազատության մեջ գտնվող ԻԻՀ քաղաքացիներին վերաբերող մանրամասներ: Հանդիպման ավարտին վերահաստատվել է ՀՀ-ԻԻՀ դատական և իրավական հարցերով աշխատանքային խմբի՝ Թեհրանում կայանալիք երկրորդ նիստի կազմակերպման անհրաժեշտությունը»,-նշված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: