Ի՞նչ փոփոխություններ է իրականացնելու Թրամփի նոր վարչակազմը Հետաքննությունների դաշնային բյուրոյում. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ կառավարությունը վերակառուցելու նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումները զգալի մասով առնչվում են նաև երկրի իրավապահ ու հետախուզական գերատեսչություններին: «Ամերիկայի ձայնն» անդրադառնում է հարցին, թե ինչ պատկերացումներ կան Թրամփի թիմում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն բարփոխելու առումով։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյի հայտարարությունը, թե մտադիր է թողնել պաշտոնը, երբ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կստանձնի երկրի ղեկավարումը, զարմացրել էր շատերին:

«Սա լավագույն միջոցն է՝ խուսափելու բյուրոն խորը պայքարի մեջ ներքաշելուց»,- ասել է Ռեյը։

ԱՄՆ զորեղ իրավապահ կառույցի ղեկավարը մանրամասնել էր։

«Այն, ինչը որևէ դեպքում, որևէ կերպ չի կարող և չպետք է փոխվի, մեր հանձնառությունն է՝ միշտ գործել ճիշտ և գրագետ ձևով»,- նշել է Ռեյը:

Եվ այսպես, ՀԴԲ-ն փոփոխությունների շեմին է:

Քեշ Փաթելը, ով ընտրվել է Թրամփի կողմից որպես ՀԴԲ հաջորդ տնօրեն, նախքան Ռեյի հայտարարությունն էր սկսել իր հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում՝ պաշտոնին իր հաստատման հարցում աջակցություն ստանալու համար:

44-ամյա Փաթելը նախկինում եղել է հանրային պաշտպան, դաշնային դատախազ, իսկ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում եղել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական ու աշխատել Պենտագոնում:

«Կարծում եմ՝ նրա թեկնածությունը գրավիչ է Թրամփի համար, քանի որ Փաթելը համակարծիք էր նախագահ Թրամփի հետ Արդարադատության նախարարության, Հետաքնությունների դաշնային բյուրոյի գործունեության հարցում, թե իբր այդ կառույցները չարաշահել են իրենց լիազորությունները [Թրամփին առնչվող գործերում] հետաքննություն իրականացնելու ընթացքում»,- ասում է American Enterprise Institute կենտրոնի վերլուծաբան Ջոն Ֆորթիերը։

Եվ այդ մասին Փաթելը բարձրաձայնել էր:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և պաշտպանել Դոնալդ Թրամփին։ Նա թիրախավորվել է, սակայն մենք՝ որպես երկիր, ավելի ենք տուժել՝ արդարադատությունը որպես զենք օգտագործելու պատճառով»,- ասել էր Փաթելը։

Քեշ Փաթելը սուր արձագանքի էր արժանացել՝ հայտատարելով, թե կփակի բյուրոյի կենտրոնակայանը Վաշինգտոնում, կփոքրացնի ՀԴԲ լիազորություններն ու հետախուզական, հետաքննական գործունեության շրջանակը:

Նաև կոչ էր արել «ոչնչացնել խորքային պետությունը»:

«Որոշ փոփոխություններ, որոնք նա, թերևս, ցանկանում է կատարել, կարող է անել կադրային փոփոխությունների արդյունքում: Բայց եթե, իսկապես, ցանկանում է կատարել էական փոփոխություններ, կպահանջվի գործադիր և օրենսդիր իշխանության համաձայնությունը: Մի բան, որը ավելի երկար կտևի և չի կարող իրականացվել [միայն Փաթելի միջոցով]»,- ասում է Ֆորթիերը։

Ինչևէ, Դոնալդ Թրամփը պնդում է՝ Քեշ Փաթելն այն մարդն է, ով կարող է առնվազն փոփոխությունների սկիզբ դնել:

«Ամերիկայի ձայն»

Տեսանյութեր

Լրահոս