
Գուտերեշը ցավակցություն է հայտնել Ղազախստանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Գլխավոր քարտուղարը խորապես վշտացած է Ղազախստանի արևմուտքում ավիավթարի մասին հաղորդագրություններից, որը խլել է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքեր: Նա իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և խորին կարեկցանք՝ տուժած երկրներին», – ասված է հաղորդագրության մեջ:
Գլխավոր քարտուղարը նաև շուտափույթ և լիակատար ապաքինում է մաղթել այդ ողբերգական միջադեպում բոլոր տուժածներին:
Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։