Քյանան Սեիդովի Թուրքիա այցի արդյունքը. 44-օրյայի ադրբեջանական հերոսները Նախիջևանի առանձին համազորային բանակում պաշտոններ են ստացել

Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-մայոր Քյանան Սեիդովն օրերս մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ:

Թուրքիայում ադրբեջանցի գեներալին ներկայացվել էր կիրառվող ԱԹՍ-ների տակտիկա-տեխնիկական բնութագրերը, դրանց կիրառումը մարտական գործողությունների ժամանակ, մարտական թռիչքների կազմակերպումը, ինչպես նաև ԱԹՍ-ների համար նախատեսված ավիառումբերը և այլն:

168.amգրել էր, որ, օրինակ, Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում օդային հարձակման նախազգուշացման թուրքական համակարգ է տեղադրել, և, որ Ադրբեջանը ձեռք է բերել թուրքական ASELSAN ընկերության ASELFLIR-500 օպտիկական համակարգը, որը փորձարկում է անցել արդեն Bayraktar TB3 հարվածային անօդաչու սարքի միջոցով:

Մենք նաև տարբեր առիթներով հիշեցրել ենք, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից հետո և 44-օրյա պատերազմից առաջ Նախիջևանում տեղի էին ունեցել թուրք-ադրբեջանական զորավարժություններ, և, որ թուրքական «Բայրաքթարներ» էին տեղակայել Նախիջևանում, ավելին՝ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին:

Կարդացեք նաև

Նշենք, որ Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարի Թուրքիայում ունեցած հանդիպումներին զուգահեռ՝ Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուին, ով Ադրբեջանի բանակում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալուց հետո այցելել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի շտաբ և մանրամասն ծանոթացել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետում կատարվող աշխատանքներին:

Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Նախիջևանի առանձին համազորային բանակում նշանակումներ են կատարվել, ըստ էության, գեներալ-մայոր Քյանան Սեիդովի՝ նաև Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ հանդիպումների արդյունքում:

Եվ այսպես, Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ է նշանակվել գնդապետ Էտիբար Մագերրամովը՝ փոխարինելով գեներալ-լեյտենանտ Ֆազիլ Աղալարովին:

Իսկ Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել գնդապետ Թելման Հուսեյնովը:

Ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո 2022 թվականի դեկտեմբերին այդ ժամանակ ադրբեջանական 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ և 2020 թվականի պատերազմի Ադրբեջանի հերոս համարվող Թելման Հուսեյնովը հարցազրույց էր տվել և ուշագրավ հայտարարություն արել:

«2020 թվականի պատերազմից օրեր առաջ հանձնարարվել էր հակառակորդի սադրանքը կանխելու հակահարձակողական օպերացիա իրականացնել: Հանձնարարականն Ադրբեջանի բանակի կողմից խանդավառությամբ էր ընդունվել»,- նշել էր նա՝ հավելելով, որ շարունակում են պատրաստվել «հակառակորդի հնարավոր սադրանքների կանխման նպատակով օպերացիաներին»:

Իսկ դարձյալ պատերազմից հետո իր հարցազրույցում գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, անդրադառնալով Շուշին «ազատագրելու» օպերացիային, և, որ այն սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ «մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում», և, որ «իրենց առջև խնդիր էր դրված նաև կտրուկ առաջ շարժվել դեպի հյուսիս և վերցնել Լաչինի միջանցքը», հիշատակել էր գնդապետ Էտիբար Մագերրամովի անունը՝ որպես ծնունդով Լաչինից և հետախուզության համար պատասխանատու անձ:

«Было поставлено критическое и важное задание – добраться до Лачына. Приехал начальник управления разведки Нахчывана полковник Этибар Магеррамов. Он родом из Лачына».

Այսինքն, Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-մայոր Քյանան Սեիդովի Թուրքիա այցից և այնտեղ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ հանդիպումից հետո Նախիջևանի առանձին համազորային բանակում ղեկավար պաշտոններ են ստանում 44-օրյա պատերազմում ադրբեջանական հերոսները:

Հավելենք, որ 168.am-ը մանրամասն անդրադարձել էր Ադրբեջանի բանակում կատարված և սպասվող կադրային նշանակումներին և փոփոխություններին, որի ետևում կանգնած է Ադրբեջանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը, ում որոշ շրջանակներ տեսնում են Ադրբեջանի պաշտպանության հաջորդ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս