Զինակոչիկները որոշ հիվանդությունների դեպքում կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ներկայացրեց զինծառայողների և զինակոչիկների առողջական պիտանելիության վերաբերյալ կարգավորումների փոփոխությունների նախագիծը։

Որոշման նախագծով նախատեսվում է որոշ հիվանդությունների պարագայում մեկ տարվա տարեկետման ժամկետից հետո, եթե զինակոչիկի մոտ առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել, նրան զինծառայության համար սահմանափակումով պիտանի ճանաչել։ Նախատեսվում է նաև հստակեցնել առողջական վիճակի վրա հիմնված զինվորական ծառայության պայմաններն ու մի շարք հիվանդությունների նկարագրությունները։

Պապիկյանը նշեց, որ փոփոխությունները կխթանեն զինծառայության արդարացի կազմակերպումը՝ կանխելով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավոր սողանցքները։

«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է մեկ տարով տարեկետում և ենթադրվում է, որ այդ ընթացքում պետք է տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանո՞ւմ է և բարդանում է, որը կտանի ազատման, թե՞ ոչ։ Եվ լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարելու շահագրգռվածություն։ Իհարկե, սա բերում է նրան, որ մի տարվա տարեկետումը բերում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա և այսպես շարունակ։ Մեր գնահատմամբ՝ սա յուրօրինակ սողանցք է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Եվ, դրանից ելնելով, մենք այս փոփոխությունով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինվորական ծառայությունից խուսափելը «խրախուսելու»»,- ընդգծեց Պապիկյանը։

Առանձին փոփոխություն է նախատեսվում լեղապարկի հիվանդություն ունեցող սպաների համար։ Նախարարի խոսքով՝ ժամանակակից վիրահատությունները թույլ են տալիս արագ վերականգնել առողջությունը, սակայն ներկայում այս հիվանդության պատճառով որոշ սպաներ ստիպված են լինում դադարեցնել ծառայությունը։

«Առաջարկում ենք այս հիվանդության դեպքում նույնպես սահմանափակումով ծառայելու հնարավորություն ընձեռել։ Շատ սպաներ հնարավորություն կունենան ոչ միայն ծառայելու, այլև հետագայում ատեստավորվելու և իրենց բնականոն ծառայությունը շարունակելու»,- եզրափակեց Պապիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս