
Բարձր եմ գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը. Փաշինյանը շնորհավորել է Լիտվայի նորանշանակ վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Գոհունակությամբ եմ ուզում նշել մեր երկրների միջև ձևավորված և վերջին ժամանակաշրջանում արագ զարգացող քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Լիտվայի անվերապահ աջակցության համար:
Բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունների նոր շունչ հաղորդելու համար:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։