Իսրայելը փակում է իր դեսպանատունն Իռլանդիայում «ծայրահեղ հակաիսրայելական քաղաքականության պատճառով»

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտարարել է Իռլանդիայում Իսրայելի դեսպանատան փակման մասին՝ վկայակոչելով Իռլանդիայի կառավարության «ծայրահեղ հակաիսրայելական քաղաքականությունը», գրում է Times of Israel-ը։

Իսրայելը մայիսին հետ է կանչել իր դեսպանին, երբ Իռլանդիան դարձավ Պաղեստին պետությունը միակողմանիորեն ճանաչած Եվրամիության երեք երկրներից մեկը: Իռլանդիան Իսրայելում իր դեսպանին հետ չի կանչել:

Անցյալ շաբաթ Իռլանդիայի նախարաների կաբինետը քվեարկեց Հաագայի Միջազգային քրեական դատարանում Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող Հարավաֆրիկյան Հանրապետության գործին միանալու օգտին:

Ըստ Սաարի հայտարարության՝ Իռլանդիայի հակասեմական գործողություններն ու հռետորաբանությունը Իսրայելի դեմ հիմնված են հրեական պետության ապալեգիտիմացման և թշնամու կերպար ստեղծելու մեխանիզմի (demonization of the enemy) և երկակի ստանդարտների վրա: «Իռլանդիան Իսրայելի հետ հարաբերություններում հատել է բոլոր կարմիր գծերը։ Իսրայելն իր ռեսուրսները կներդնի աշխարհի երկրների հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար՝ ըստ առաջնահերթությունների, որոնք բխում են նաև իր նկատմամբ տարբեր երկրների վերաբերմունքից»,-նշված է Իսրայելի արտգործնախարարի հայտարաւոթյան մեջ։

Միաժամանակ Սաարը հայտնել է, որ Իսրայելը դեսպանատուն կբացի Մոլդովայում, որն արդեն դեսպանություն ունի Իսրայելում։ Բացումը սպասվում է հաջորդ տարի, և Իսրայելը սկսում է հարմար վայր գտնելու և դեսպան նշանակելու գործընթացը։

«Կան երկրներ, որոնք շահագրգռված են ամրապնդել իրենց կապերը Իսրայելի հետ, և որոնք դեռևս չունեն Իսրայելի դեսպանատուն։ Մենք կհարմարեցնենք մեր առաքելությունների իսրայելական դիվանագիտական ​​կառուցվածքը՝ ի թիվս այլ բաների, կշիռ տալով քաղաքական ասպարեզում Իսրայելի նկատմամբ տարբեր երկրների մոտեցումներին և գործողություններին»,-շեշտել է Սաարը։

Տեսանյութեր

Լրահոս