ՀՀ-ն բարձր է գնահատում և կարևորում է Ավստրիայի հետ համագործակցությունը. Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշները (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի և ավելի բարձր մակարդակի կհասցնի մեր համագործակցությունը:

Հայաստանը բարձր է գնահատում և կարևորում է Ավստրիայի հետ համագործակցությունը: Վերջին ժամանակաշրջանում դրանք ավելի ինտենսիվ են դարձել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ավստրիային, Ավստրիայի իշխանություններին այն աջակցության համար, որ ցուցաբերել է Հայաստանին»,- ասել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: «Ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել, որ մեր երկու երկրների միջև հարաբերություններն ի սկզբանե, 1992 թվականից ի վեր, բարեկամական են եղել և ինչպես ճշմարտացիորեն նշեցիք վերջին տարիներին լրացուցիչ դրական դինամիկա և զարգացում է գրանցվել դրանցում»,- ասել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության ձևաչափերով:

Առանձնահատուկ կերպով շեշտվել է Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գնահատելի գործունեության կարևոր դերակատարությունն ու նշանակությունը:

Անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, կրթամշակութային փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին:

Կողմերը դրական են գնահատել երկրների միջև տարբեր մակարդակներում արդյունավետ շփումներն ու փոխայցելությունները, որոնք նոր խթան են հանդիսանում տարբեր ոլորտներում արդյունավետ գործակցության ամրապնդման համար:

Տեսանյութեր

Լրահոս