Կվերադառնանք Կովկաս, ՌԴ-ն դրա համար կպայքարի, եթե ոչ այսօր, ապա վաղը, դա մեր ինքնությունն է՝ միշտ վերադառնում ենք․ Մարկեդոնովը

«Հայաստանը և Ռուսաստանը տարածաշրջանային և գլոբալ վերաֆորմատավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» համաժողովում ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը հայտարարեց, որ Ռուսաստանը և Հայաստանը փոխգործակցության ամենադժվար կետում են, սակայն քաղաքական գործիչները փոխվում են, իսկ հարաբերությունները մնում են։

«Իրավիճակը տարածաշրջանում շատ է փոխվել, երկկողմ հարաբերությունները վտանգված են։ Կարելի է գնալ հաստատված հարաբերությունների խզման ճանապարհով, սակայն կարելի է նաև այլ կերպ դուրս գալ իրավիճակից»,- ասաց նա։

Մարկեդոնովն ընդգծեց, որ նախկինում էլ երկրների միջև եղել են ճգնաժամային ժամանակաշրջաններ, սակայն պետք է հեռանալ «կենացի դիվանագիտությունից» և բովանդակալից զրույց սկսել։

Նա կոչ արեց պատասխանել հարցին՝ ինչի համար է Ռուսաստանին պետք Հայաստանը, և ինչի համար Հայաստանը՝ Ռուսաստանին։

«Կարելի է անդադար ասել, որ Մոսկվան բավականաչափ աշխատանք չի կատարել Ղարաբաղի հարցում։ Բայց հարց է առաջանում. իսկ ո՞րն է որակական այլընտրանքը։ Արևմուտքն այլընտրանք չի առաջարկում և չի առաջարկելու, բացի զիջումներից։ ՌԴ-ն Հայաստանին պետք է եվրասիական մեծ նախագծի համար։ Ռուսաստանն այդ թվում նաև կովկասյան տերություն է։ Եվ այդ ընդհանրությունը պետք է գիտակցել»,- նշեց նա։

Մարկեդոնովը շեշտեց, որ Արևմուտքի նպատակն է Ռուսաստանը և Չինաստանը շրջանցող երթուղի ստեղծել, ինչի մասին բավական անկեղծ հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

Տեսանյութեր

Լրահոս