Իշխանության ճգնաժամի մեկնարկը տրված է․ Փաշինյանի հեղինակությունը թիմի ներսում դրվել է կասկածի տակ․ քաղաքագետ
ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը գնում է Հովիկ Աղազարյանի հետևից։ Արդեն նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված` ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ համագործակցությունը 1 ամսով կասեցնում է:
«Խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ»,- «Ֆակտորի» հետ հարցազրույցում ասել է պատգամավորը:
Քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ իշխանության ներսում ստատուս-քվո է փոխվում։
«Ինչ-որ սեգմենտներ են առաջ գալիս, որոնք ստորաքարշության նոր մակարդակի պատրաստ չեն։ Սա դեռևս չի բերի իշխանության փլուզման, բայց որ իշխանության ճգնաժամի մասին կարող ենք խոսել, ակնհայտ է,- 168․am-ի հետ զրույցում մանրամասնեց քաղաքագետը, ապա անդրադառնալով մեր հստակեցմանը, թե՝ պե՞տք է սպասել շարունակության, արձագանքեց,- Չեմ կարծում․ նրանք այն ֆիգուրները չեն, որ կարողանան լայն կոնսոլիդացիա ապահովել և մեծ խմբեր հետները տանել։
Ես չեմ կարծում, որ մեծ արտահոսք կլինի, բայց պետք է սրան գումարել նաև Գյումրիի փրայմերիզից դժգոհ խմբերի առկայությունը․ այնտեղ ևս զարգացումներ կլինեն»։
Ըստ նրա՝ իշխանության ճգնաժամի մեկնարկը տրված է, սակայն պետք չէ սպասել արագ հանգուցալուծումների։
«Սա առնվազն նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն այն չափով, որ վերահսկում էր իշխանությունը, այդ չափով չի կարողանալու։ Ինքը, բնականաբար, խորացնելու է ավտորիտար միտումները։ Դրան զուգահեռ՝ ինչ-որ մարդիկ են դուրս գալու թիմից, ինչ-որ նոր մարդկանցով ինքն է փորձելու համալրել թիմը։
Բայց իշխանության ճգնաժամի մասին կարող ենք խոսել․ առնվազն Նիկոլ Փաշինյանի բարոյական հեղինակությունը թիմի ներսում դրվել է կասկածի տակ»,- պարզաբանեց Սուրեն Սուրենյանցը։