
Երևանն ու Բաքուն այնքան էլ չեն լսում նրանց. Նարիշկինը՝ Արևմուտքի ձախողումների մասին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ռուսական «Հետախույզ» («Разведчик») ամսագրին տված հարցազրույցում՝ վկայակոչելով ծառայությանը հասանելի տվյալների վերլուծությունը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում ընդհանրապես ձախողումներ են սկսվել, Հայաստանն ու Ադրբեջանը այնքան էլ ականջալուր չեն լինում ԱՄՆ-ի և ԵՄ-ի` խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկություններին՝ նախընտրելով ինքնուրույն լուծել բոլոր հարցերը:
«Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան «մոլուցքը» սկսում է կործանարար ազդեցություն ունենալ Վաշինգտոնի կառուցած համաշխարհային ֆինանսական և ռազմաքաղաքական համակարգի վրա։ ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում` Մերձավոր Արևելքից մինչև Ասիա և Աֆրիկա։ Իսկ հետխորհրդային տարածքում նրանք ընդհանրապես սկսել են ձախողել»,- ասել է Նարիշկինը։
Այս համատեքստում նա վկայակոչել է Հարավային Կովկասի և Մոլդովայի օրինակը՝ ասելով.
«Տեսեք` Վրաստանում, որտեղ խամաճիկ (Միխեիլ) Սաակաշվիլին դեռ բոլորովին վերջերս փողկապն էր կծոտում, արևմտականները չկարողացան խանգարել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակին։ Գիտակցելով Արևմուտքի նկատմամբ անխոհեմ կողմնորոշման վնասակարությունը` Վրաստանի իշխանությունները որոշեցին գործել ի շահ իրենց և այժմ գիտակցաբար հեռանում են դրսից պարտադրված ուլտրալիբերալ օրակարգից, որն անսահման խորթ է վրացական ավանդական արժեքներին։
Մոլդովայում էլ Սանդուի (Մայա) ռեժիմը ընտրություններում հազիվ հասավ ցանկալի արդյունքի ՝ դե ֆակտո արձանագրելով խոր պառակտում մոլդովական հասարակության մեջ»։
Դրա հետ մեկտեղ, Նարիշկինի խոսքով, հետխորհրդային տարածքը մնում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից հարձակումների առաջնային ուղղություն, ինչի մասին է վկայում արտաքին հետախուզությունում առկա տվյալների վերլուծությունը:
«Արևմուտքն իր առաջ հավակնոտ նպատակ է դրել՝ խզել մեր երկրների միջև ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլև պատմական և հումանիտար կապերը։ Այս մոտեցումը անգլոսաքսոնների հայտնի սկզբունքից է բխում` «Ով ղեկավարում է Եվրասիան, նա տիրում է աշխարհին»։ Թեև նրանց համար «ղեկավարել» նշանակում է «բաժանել», «քաոս սերմանել», իսկ հետո իրենց առաջարկել արնաքամ եղած ժողովուրդներին որպես «անվտանգության անաչառ երաշխավորներ»։ Թե ինչպես է դա տեղի ունենում, պարզ երևում է ուկրաինական օրինակով»,- նշել է նա։