
Հայաստանի եվրոպական ուղղվածությունը բնական ընտրության արդյունք է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի եվրոպական ուղղվածությունը բնական ընտրության արդյունք է, ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այն բխում է մեր պետության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից, քանզի իր անցյալով և ներկայով Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է կազմում՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի և ուրույն պատմամշակութային ժառանգության վրա»,- նշել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր գործընկեր է հանդիսանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման նպատակով՝ մեր երկրում ընթացող բարեփոխումների իրականացման գործում:
«Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և անշրջելի: Երկրում ընթացող բարեփոխումները նաև անվտանգության հենարան են մեզ համար և ուղիղ փոխկապակցված են տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված մեր քայլերին: Ինքնիշխան, կայուն և ժողովրդավար պետության զարգացման, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ հարգանքի միջոցով է հնարավոր հասնել հարատև խաղաղության»,- հավելել է ԱԺ նախագահը