Հայաստանի առջև ծառացած են թե՛ անվտանգային, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի առջև ծառացած են թե՛ անվտանգային, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ, ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ցավոք, Ռեյկյավիկի գագաթնաժողովից հետո մենք եւս մեկ անգամ ականատես եղանք ուժի չկիրառման սկզբունքի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների»,- նշել է նա։

Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի մարմինների հասցեական արձագանքներն ու գործողությունները՝ ուղղված Հայաստանում հաստատված Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքներին:

«Կարևոր է Լեռնային Ղարաբաղի՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների միջազգային պաշտպանությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի ներքո: Օգտվելով առիթից՝ նաև մեր շնորհակալությունն եմ հայտնում ԵԽԽՎ-ին՝ Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների հայրենադարձման հրամայականի հարցը ևս ուշադրության կենտրոնում պահելու համար»,- նշել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ի հեճուկս առկա մարտահրավերներին՝ Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ:

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում մենք վավերացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը` դա սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է: Սահմանազատման գործընթացի հիմքում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, ինչը նշանակում է, որ մեր սահմաններն այդ փաստաթղթով սահմանված, Խորհրդային Միության ժամանակ հաստատված սահմաններն են, որոնցով էլ երկու երկրներն անկախացել են:

Որպես խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ՝ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը խաղաղության հարատևման մեր ճանապարհային քարտեզն է՝ միտված տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը՝ հիմնվելով երկրների իրավասության, ինքնիշխանության և օրենսդրության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների վրա»,- ասել է Սլեն Սիմոնյանը

Տեսանյութեր

Լրահոս