
Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։
Հարավային Կովկասին վերաբերող հարցին ի պատասխան Վահան Կոստանյանը նշել է. «Եվ գալով վերջին, բայց ոչ պակաս կարևոր՝ մեր տարածաշրջանի վերաբերյալ հարցին՝ նշեմ, որ չեմ կարող ներկայացնել Իրանի, Ռուսաստանի կամ Թուրքիայի քաղաքականությունները: Այստեղ եմ ներկայացնելու մեր քաղաքականությունը, և այն շատ պարզ է, դրա երկու հիմնական ուղղությունները հետևյալն են. առաջին ուղղությունը մեր հարաբերություններն են մեր հարևանների հետ: Մենք ունենք չորս հարևան՝ Վրաստան, Իրան, Ադրբեջան և Թուրքիա: Եվ մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ: Իսկ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների երկրորդ շերտը մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է: Ինչպես ականատես եղանք, մեր ավանդական գործընկերների հետ փոխգործակցությունը միշտ չէ, որ օգտակար էր:
Ներկայումս մեր արտաքին քաղաքականության նպատակը մի փոքր այլ է, և եթե հակիրճ ձևակերպենք, դրա նպատակը կլինի պաշտպանել մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անխախտելիությունը, նաև ժողովրդավարությունը: Եվ հիմա մենք փորձում ենք զարգացնել մեր գործընկերների հետ հարաբերությունները՝ մտքում պահելով այս ընկալումը: