Այս ամենը վկայում է, որ կանգնած ենք բիթքոյնի համաշխարհային ընդունման շեմին. Ռիչարդ Թենգ

«2009 թ.-ին բիթքոյնի առաջին բլոկի արդյունահանումից գրեթե 16 տարի անց դրա արժեքը հասել է $100,000-ի մեկ մետաղադրամի համար, ինչի արդյունքում այս ակտիվի ընդհանուր շուկայական կապիտալիզացիան կազմել է $2.1 տրիլիոն»,-ասել է Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը՝ խոսելով բիթքոյնի $100,000-ին հասնելու մասին։

Նա մանրամասնել է, այսպիսով, Բիթքոյնը ընդգրկվել է 7 ակտիվների կամ ընկերությունների ցուցակում, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 2 տրիլիոն դոլարը՝ ներառյալ ոսկին և տեխնոլոգիական հսկաները ինչպիսիք են՝ NVIDIA, Apple, Microsoft, Google և Amazon։

«Այսօրվա իրադարձությունը շրջադարձային է բիթքոյնի ուղու համար, քանի որ փոքր ոլորտային ակտիվից այն վերածվում է հիմնական ֆինանսական գործիքի։ Ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրողների աճող հետաքրքրությունն ամրապնդում է կրիպտոարժույթների դիրքերը ֆինանսական լանդշաֆտում՝ նպաստելով դրանց ավելի լայն տարածմանը։

Բիթքոյնի պատմական աճը տեղի է ունենում շուկայի կառուցվածքային նշանակալի փոփոխությունների ֆոնին՝ պայմանավորված Դ.Թրամփի վարչակազմի շրջանում կարգավորումների հնարավոր փոփոխություններով, ԱՄՆ-ում բիթքոյնի ռազմավարական պահուստի ստեղծման քննարկումներով, բիթքոյն ETF-ների ինստիտուցիոնալ ընդունման և ավելի շատ ընկերությունների կողմից այն կորպորատիվ գանձարաններում ներառելու հանգամանքով: Այս ամենը վկայում է, որ կանգնած ենք բիթքոյնի համաշխարհային ընդունման շեմին»,-նշել է նա։

Խոսելով աճի պատճառների մասին՝ նա մի քանի գործոն է առանձնացրել.

• Մակրոտնտեսական փոփոխություններ. Տնտեսական պայմանների վերջին փոփոխությունները մեծ դեր են խաղացել բիթքոյնի աճի հարցում։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից երկարատև խստացման շրջանից հետո տոկոսադրույքների իջեցումը և գլոբալ լիկվիդայնության աճը հանգեցրել են կապիտալի հոսքին դեպի ակտիվներ, որոնք ինֆլյացիոն ռիսկերի հանդեպ դիտարկվում են որպես ավելի կայուն: 21 միլիոն մետաղադրամի սահմանափակ առաջարկով բիթքոյնը դարձել է արժեզրկման դեմ պաշտպանության միջոց՝ խթանելով պահանջարկը։

• Կարգավորման նկատմամբ լավատեսություն. Դ.Թրամփի վարչակազմի օրոք կրիպտոարժույթների վարչության ստեղծման հեռանկարը լավատեսություն է ներշնչել շուկայում։ ԱՄՆ-ը գլոբալ կրիպտո-կենտրոն դարձնելու վերաբերյալ նախընտրական արշավի ընթացքում տված խոստումները, բիթքոյնի ռազմավարական պահուստի վերաբերյալ քննարկումները և հնարավոր օրենսդրական փոփոխություններն ամրապնդել են ներդրողների վստահությունը:

• Կորպորատիվ գանձարաններում բիթքոյնի ավելացում. MicroStrategy-ի՝ բիթքոյնի արագ ձեռքբերումները ընդգծում են թվային ակտիվների կորպորատիվ գանձարաններ ներգրավման աճող միտումը։ Ընկերությունն այժմ տիրապետում է բիթքոյնի ընդհանուր ծավալի 1.5%-ին։ Այլ ընկերություններ, ինչպես Marathon Digital-ը և հնարավոր է՝ Microsoft-ը, հետևում են այս օրինակին, ինչը վկայում է բիթքոյնը որպես ռազմավարական ակտիվ ընդունելու ավելի լայն միտման մասին։

• Բիթքոյն ETF-ներ և տարբերակներ. Բիթքոյն ETF-ների և վերջերս բիթքոյն ETF-ների տարբերակների ի հայտ գալը ինստիտուցիոնալ ներդրողների համար հեշտացրել է եկամուտ ստանալու և ռիսկերը կառավարելու գործընթացը, ինչը զգալիորեն նպաստել է վերջին աճին։ Այս ETF-ներում միջոցների զգալի ներհոսքի շնորհիվ բիթքոյնը պատրաստ է ավելի խորը ինտեգրման հիմնական ֆինանսական շուկաներում։

Տեսանյութեր

Լրահոս