
Նոյեմբերյանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Audi»-ն. կա տուժած

Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոյեմբերի 29-րդ փողոցում բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Է. Ղ., ծնված 1948 թ.) և «Audi» (վարորդ՝ Ա. Ս.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: