Բաժիններ՝

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիշերային վոյաժները ԲՈՒՀ-ին կցված մեքենայով ավարտվել են խոշոր ավտովթարով

Երեկ ուշ գիշերին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կա 1 վիրավոր, սակայն դեպքի վայրում հավաքված քաղաքացիները դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներին՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ասել էին, որ վիրավորները 2-ն են։

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ «Honda» մակնիշի էլեկտրոմոբիլը կցված է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ՊՈԱԿ), իսկ ղեկին եղել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, ով վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել, եղել բժշկական կենտրոնում:

Կարդացեք նաև

Բարեբախտաբար, վթարը մարդկային կյանքեր չի խլել, իսկ միգուցե այն առհասարակ տեղի չունենար, եթե Տնտեսագիտական համալսարանի ՊՈԱԿ-ին կցված մեքենան, որը պետք է շահագործվի միայն աշխատանքային ժամերին ու միայն ԲՈՒՀ-ի կարիքների համար, ռեկտոր Արմեն Գրիգորյանը չվարեր գիշերային ուշ ժամին, օրինակ՝ 22.30-ին: Վստահաբար այդ ժամին ԲՈՒՀ-ի կարիքները հրատապ հոգալու խնդիր դժվար առաջանար:

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ PR-վում է պետական համակարգից ծառայողական ավտոմեքենաներ կրճատելով, իսկ մյուս կողմից՝ նրա ջանքերն ի չիք են դառնում, քանի որ իր կոչ-հրահանգն անտեսում է անգամ իր «դաբրոյով» ռեկտոր դարձած անձը:

168.am-ը նաև Քննչական կոմիտեից փորձեց ճշտել՝ կա՞ արդյոք հարուցված քրեական վարույթ:

«Այո, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր․ օր․ 342-րդ հոդվածի հատկանիշներով։ Մեզ փոխանցված տվյալով՝ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դիմել է բուժհաստատություն։ Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել»,- մեզ հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հավելենք նաև, որ մեր տեղեկություններով՝ ռեկտորի վնասվածքները լուրջ չեն:

Տեսանյութեր

Լրահոս