Վրաստանի բողոքի ակցիաներին մասնակցելու համար Հայաստանից 400-500 մարդ է մասնակցել. Սուրենյանց

Եվրամիությունը Վրաստանում իրավիճակը պայթյունավտանգ դարձնելու համար ընդամենը մեկ գործիք ունի, ինչը փողոց կհանի բազմահազար մարդկանց՝ ընդդեմ Վրաստանի իշխանության։ Եվրամիությունը, ի վերջո, կարող է չեղարկել Վրաստանի համար ազատ վիզայի ռեժիմը, հակառակ պարագայում, չկա որևէ գործոն, որը կարող է Վրաստանում հանգեցնել իշխանափոխության. կարծում եմ՝ առանց արտաքին միջամտության որևէ հեղափոխական զարգացում Վրաստանում հնարավոր չէ։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Վրաստանում ընթացող բողոքի ակցիաներին, նման տեսակետ հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Վրացական հասարակությունը խիստ երկփեղկված է. այո՛, իշխանությունը փորձելու է բախումներից խուսափել, որովհետև, եթե իշխանությունն էլ իր կողմնակիցներին փողոց հանի, Վրաստանում ականատես կլինենք քաղաքացիական բախումների իշխանությանը սատարողների և ներկայիս ընդդիմության աջակիցների միջև»,- ասաց նա։

Խոսելով Վրաստանի վարչապետ Կոբախիձեի այն հայտարարության մասին, որ Վրաստանի իշխանությունները կարող են դիմել ՍԴ՝ ընդդիմադիր կուսակցությունների գործողություններն անօրինական ճանաչելու համար, Սուրեն Սուրենյանցը նկատեց.

Կարդացեք նաև

«Վրաստանի իշխանությունը դրան կարող է գնալ՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին հղում անելով, որովհետև փաստ է, որ փողոցում գտնվողները գրանտներ են ստանում Արևմուտքից, և փողոցային պայքարը հենց իրենց շուրջ է ձևավորված»,- շեշտեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը։

Նրա խոսքով՝ Հայաստանը Եվրամիությանը հետաքրքրում է, եթե այդ միության կազմում է Վրաստանը, որովհետև ԵՄ-ին տարածաշրջանն է պետք, ոչ թե առանձին երկիր, հետևապես, երբ առկախված է Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցը, պարզ է դառնում, որ Արևմուտքը լուրջ խոսակցություն չի ծավալելու նաև Հայաստանի հետ։

«Մինչդեռ Փաշինյանը սրտանց ուզում է, որ Վրաստանում իշխանափոխություն լինի. դա իր իշխանությանը նոր շնչառություն կտա։ Ավելին, իմ տեղեկություններով՝ Վրաստանի բողոքի ակցիաներին մասնակցելու համար Հայաստանից 400-500 մարդ է մասնակցել»,- ասաց Սուրենյանցը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս