Լարված իրավիճակ, բազմահազարանոց ցույցեր, ոստիկանական ուժեր`Թբիլիսիի կենտրոնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ ԵՄանդամակցությանբանակցությունները մինչ 2028 թվականը հետաձգելու որոշումից հետո Թբիլիսիում և վրացական խոշոր քաղաքներում իրավիճակը կտրուկ սրվել է։ Բազմահազարանոց բողոքի ակցիա է սկսվել հատկապես Թբիլիսիում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ, որտեղից ցուցարարները դեպի խորհրդարան երթով շարժվելու որոշում են կայացրել։ Այս մասին հաղորդում են վրացական, ռուսական և արևմտյան ԶԼՄ-ները։

Ռուսթավելի փողոցում՝ խորհրդարանի շենքի մոտ, քաղաքացիները պահանջում են կառավարության հրաժարականը։ Ցուցարարները պնդում են՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններից հրաժարվելու մասին խախտում է սահմանադրությունը։

Նրանց է միացել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հայտարարել, թե ինքն է միակ լեգիտիմ իշխանությունը Վրաստանում և իր հետ պետք է հարաբերվեն միջազգային կառույցները։ Ցույցի ժամանակ նաև բախումներ են եղել։

Քութայիսիում, ըստ SOVA.news-ի, ցուցարարները փակել են ճանապարհը իշխանական կուսակցության գրասենյակի դիմաց, իսկ Բաթումում հավաքվել են կենտրոնական հրապարակում։

Կարդացեք նաև

Ինչպես հայտնում է Interpressnews-ը, բողոքի ցույցերի վայրում արդեն մոբիլիզացվել են իրավապահները, իսկ ոստիկանության հետ բախումներից հետո Քութայիսիում մի քանի մարդ է բերման ենթարկվել։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չբերել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը և հրաժարվել Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից։Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։Նրանք քաղաքացիներին կոչ էին արել չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ:

Տեսանյութեր

Լրահոս