«Փետրվարին մեր տանը խեղդող ճնշում զգացինք՝ ոնց որ էլեկտրականությունը խփի քեզ». ահազանգ քաղաքացուց՝ բնակելի շենքում կրիպտոարժույթի գործ են անում

Երևանի Արարատյան զանգվածի բնակելի շենքի 2-րդ հարկի բնակիչ Լաուրա Հակոբյանն ահազանգում է՝ շենքի առաջին հարկում կասկածելի գործունեություն են ծավալում, որի հետևանքով ամբողջ շենքում էլեկտրամագնիսական դաշտ է առաջացել:

Տիկնոջ խոսքով՝ ամեն ինչ սկսվել է այս տարեսկզբին՝ փետրվարին անհանգստացնող ձայներ էին լսում, ինչի պատճառով չէին կարողանում քնել։ Ասաց՝ նաև օրեցօր  աղմուկն ավելի է շատացել։

«Փետրվարին մեր տանը տարօրինակ ճնշում զգացինք՝ խեղդող, ոնց որ օդի մեջ էլեկտրականության շարժ զգաս, ոնց որ էլեկտրականությունը խփի քեզ։ Որ աղմուկ բարձրացավ՝ երրորդ հարկի հարևանն ասաց՝ տիկին Լաուրա, եթե դուք հիմա եք դա զգում, մենք վաղուց ենք զգում, որովհետև ես սենյակը աջ ու ձախ չափում եմ՝ գնալ գալով, մինչև հոգնած պառկեմ քնեմ, ու այդ ձայնը ինձ սպանում է․․․ Ասացի՝ բա, եթե այդ բանը կա, ինչո՞ւ վաղուց ձայն չեք հանում, ինչի՞ չեք ասում, որ միասին գտնենք պատճառը, թե այդ ձայնը որտեղից է գալիս։ Ես զգում եմ, որ դա գալիս է ներքևից, հիմա դա նկուղն է, թե ինչ-որ մեկի տանն է գործ արվում․․․ Ասացի՝ դե ես վաղն առավոտից սկսելու եմ փնտրտուքները»։

Տիկին Լաուրան ասաց, որ դիմել է Կառավարություն, Մարդու իրավունքների պաշտպանին, ԱԻՆ, ԱԱԾ, Հայաստանում ՌԴ և ԱՄՆ դեսպանատներ։ Սակայն իր քայլերից հետո այդ աղմուկը և ճնշումն ավելի են ավելացել։

«Մարդու իրավունքների պաշտպանի գարսենյակից ինձ ասացին՝ մենք օրական նույն խնդրով այնքան ահազանգ ենք ստանում, որ արդեն ուղարկում ենք Առողջության տեսչական վարչություն։ Ես դիմեցի, այնտեղից եկան, բայց առանց գործիքի, որը կարող է չափագրի վիբրացիան, աղմուկը․․․

Ես գնացի նաև Ֆիզիկայի ինստիտուտ, կես բառ ընդամենը խոսելուց հետո իրենք ասացին՝ դուք գիտե՞ք, որ դա վտանգավոր է, դա մահաբեր է, դա սպանող է, այն հիվանդություները, որ մարդիկ չունեն, դրանք անգամ արթնանում են, ոտքի է հանում, գլուխ է բարձրացնում։ Ասացին՝ գնացեք մի հատ էլ Պոլիտեխնիկ։ Գնացի Ֆիզիկայի ամբիոն, իհարկե, հեռախոսով պատմել էի՝ ինչի համար եմ ուզում գնալ:  Ես դեռ չէի խոսել, միանգամից գրատախտակի վրա նկարում է, բացատրում է, ասում է՝ դուք գիտե՞ք՝ դա ինչ վտանգավոր է, դա վնասում է ամբողջ մարմինը, դա պետք է կանխել։ Ինձ ասացին՝ վախենում ենք, որ ձեր նկուղում կամ հենց տան մեջ գործիք են դրել ու գործ են անում։ Ես գլխի չընկա, ասացի՝ տան մեջ ի՞նչ գործ կարելի է անել, ասաց՝ կարող է «ցեխ» են դրել, բացիր ինտերնետը նայիր, այնտեղից դու շատ բաներ կքաղես։ Ես ունեմ ծանոթ գիտնական, իրավաբան՝ դոկտոր պրոֆեսոր, իրեն զանգեցի, ասաց՝ պետք է զգույշ լինեք, քանի որ Երևանում շատ տարածված է կրիպտովալյուտան, որը իրավունք չունեն տան պայմաններում անել։ Ասաց՝ բիթքոին են աշխատում․․․»։

Տիկին Լաուրան ասաց, որ իր բացահայտումներից հետո առաջին հարկում աշխատողներն իրեն վախեցրել են, ահաբեկել, անգամ հոգեբուժարանից կանչ գրանցել, սակայն բուժհաստատությունում իր մոտ որևէ խնդիր չհայտնաբերելով՝ տուն են ուղարկել։

Տեսնելով, որ որևէ կառույց չի կարողանում պատշաճ հետաքննություն իրականացնել, տիկին Լաուրան Գերմանիայից պատվիրել է էլեկտրամագնիսական դաշտը չափող սարք և ինքնուրույն անցել գործի․

«Սա այնպիսի գործիք է, որը միանգամից, վայրկենապես ցույց է տալիս տան միջի էլեկտրամագնիսական դաշտը, հիմա, եթե միացնեմ, բոլորդ կշշմեք»։

Լաուրա Հակոբյանն ասաց, որ մինիմալ շեմը պետք է լինի 15-20, սակայն, երբ միացրեց սարքը՝ թվերը տատանվում էին տան որոշ հատվածներում՝  10, որոշ տեղերում՝ բարձրանալով  60, 80 ընդհուպ հասնելով  մինչև 110-120, որը տիկնոջ խոսքով՝ մահացու է։

«Գործիքի վրա որտեղ կապույտ գույն է՝ դա նորմալ վիճակ է, որտեղ դառնում է արյան գույն, այդտեղ հոսքն այնքան շատ է, որ մահացու է։ Գիշերը այս սարքի ցուցմունքները հասնում են 200-ի։ Մենք ամբողջ 24 ժամ գտնվում ենք էլեկտրամագնիսական դաշտի մեջ, հենց հիմա ձախ ականջս սարսափելի վիճակում է, խլացում է գնում, աջ աչքումս 2 հատ թրոմբ է․․․»։

Երևանի բնակիչը հորդորով դիմում է պատկան մարմիններին, որպեսզի այս խնդրին շուտափույթ լուծում տրվի։

168.am-ը առաջիկայում կզրուցի նաև  մասնագետների հետ, ինչպես նաև հարցումով կդիմի  այն հաստատություններին, որոնց ահազանգել է Լաուրա Հակոբյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս