
Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Նոյեմբերի 20-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Հանդիպման ընթացքում անհամաձայնություն է արտահայտվել այն փաստի հետ, որ Ֆրանսիան թիրախավորել է Ադրբեջանի նախագահությունը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի 29-րդ համաժողովում։
Բացի այդ, դեսպանին ասվել է, որ Ֆրանսիայի՝ ՀՀ-ին զենք մատակարարելը, «միլիտարիզմ և ռևանշիզմ քարոզելը», խաթարում են խաղաղության հաստատման գործընթացը։
«Ֆրանսիայից խստորեն պահանջվում է վերջ դնել Ադրբեջանի դեմ ուղղված գործողություններին, որոնք վտանգում են հարաբերությունների կարգավորման գործընթացը», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան նոյեմբերի 19-ին կանչվել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն. պատճառն ադրբեջանական իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների դեմ անընդունելի հայտարարություններն են:
Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրությունում, որպես այս ամենի հետևանք` Ֆրանսիայի էկոլոգիական անցման, էներգետիկայի, կլիմայի և ռիսկերի կանխարգելման հարցերով նախարար Անյես Պանիեր Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը Բաքվում ՄԱԿ-ի COP29 համաժողովին:
«Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասվում է հաղորդագրությունում: