«Լավ թագավոր, վատ չինովնիկ էժանագին թատերական ներկայացումն է, որը բազմիցս փորձարկվել է տարբեր երկրներում». Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ կիրակի երեկոյան Կառավարությունում տեղի ունեցած հրաժարականների շքերթը Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած հերթական օրակարգն է, որով փորձում է լցնել քաղաքական դաշտը։

«Նիկոլ Փաշինյանն իր գրառման մեջ գրել է, թե այդ ազատումներն անձնական չեն, այլ համակարգային, սակայն չի բացատրում՝ ի՞նչ խնդիր է, այսինքն՝ պարտականությունները թերակատարե՞լ են, եթե այո, ապա պետք է նշի։

Սակայն այստեղ խնդիրը հետևյալն է, քանի որ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուշանում է, Նիկոլ Փաշինյանը փորձում է ձևավորել նոր օրակարգ։

ԲԴԽ նախագահը հրաժարական է ներկայացրել, հետո՞, գիտե՞ք՝ ԲԴԽ-ն մինչև հիմա քանի նախագահ է փոխել։ Կամ՝ խոսում են, որ ՔԿ ղեկավարն ազատվել է պաշտոնից, այդ անձը ՀՀ-ում ինչքան ղեկավար պաշտոններ կա՝ զբաղեցրել է, հիմա էլ հրաժարականից հետո այլ պաշտոն կզբաղեցնի կամ չի զբաղեցնի։

Կարդացեք նաև

Կրկնում եմ՝ այս հրաժարականներն արվել են՝ լցնելու այն օրակարգը, որը մինչև այժմ լցնում էր խաղաղության պայմանագիրը, որի ստորագրումն անորոշ ժամանակով հետաձգվել է»,- 168.amի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երեկվանից Կառավարությունում տեղի ունեցած հրաժարականներին ու դրանց իրական նպատակներին։

Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ իշխանությունն էլ չգիտի, թե ինչ է լինելու, որովհետև նրանք չգիտեն, թե Թրամփն ինչ քաղաքականություն է վարելու Հարավային Կովկասում։

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունն իր ամբողջ խաղադրույքը դրել էր Դեմոկրատական Բայդենի ու Քամալա Հարիսի վրա, որ կընտրվեն ու Ալիևին կստիպեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց այդ ամենը տեղի չունեցավ, ու օրակարգը դատարկ է։

«Այս իշխանությունը հասկանում է, որ օրակարգը չպետք է դատարկ մնա, ուստի որոշեցին հրաժարականներով շռնդալից լցնել հանրության կիրակի երեկոն։ Կարելի էր, չէ՞, սպասել երկուշաբթիին կամ երեքշաբթիին, քանի որ, եթե այդ մարդիկ երկու օր ավելի մնային՝ իրավապահ համակարգը կամ Հայաստանը չէր կործանվի։

Հիմա Նիկոլ Փաշինյանը գիտի, որ այդ քայլն անելուց հետո բոլոր լրատվամիջոցներն այդ թեման են քննարկելու, այլ ոչ թե՝ ի՞նչ եղավ իր խոստացած խաղաղության պայմանագիրը, կամ 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը չզարգացող է, ի՞նչ է տալու երկրին և այլն։ Այսինքն՝ լուրջ հարցեր քննարկելու փոխարեն՝ պետք է քննարկեն, թե ինչո՞ւ է ազատվել ՔԿ նախագահը»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Ըստ քաղտեխնոլոգի, այս թեման Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ օրակարգային կպահի, մի նախարարին կնշանակի, մեկին՝ չէ, դա կդարձնի քննարկման առարկա, հետո կանի նշանակումը։ Կամ՝ կնշանակի, օրինակ, Պետրոս Պետրոսյանին, կսկսեն այդ նշանակումը քննարկել, և այլն։

Արմեն Բադալյանը չի կարծում, թե այսպիսով Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների, քանի որ Արևմուտքի կողմից կառավարվող ՀՀ խամաճիկային իշխանությունը չի կարող որոշել՝ արտահերթ ընտրությո՞ւն է անցկացնելու, թե՞ ոչ։

«Արևմուտքում ղեկավարը փոխվել է, մենք նույնիսկ չգիտենք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մնալո՞ւ է, թե՞ գնալու է, եթե մնալու է, ի՞նչ հանձնարարություն է կատարելու, և այլն։ Այդ հրաժարականները ՀՀ տնտեսական զարգացո՞ւմն են ապահովելու, կամ՝ որ իրավապահ համակարգում ղեկավարներ է փոխում, ՀՀ-ում քրեածին տարրը նվազելո՞ւ է՝ իհա՛րկե ոչ։ Այստեղ լավ թագավոր, վատ չինովնիկ էժանագին թատերական ներկայացումն է, որը բազմիցս փորձարկվել է տարբեր երկրներում»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս