Բաժիններ՝

Բրազիլիայում բացվում է G20-ի գագաթնաժողովը

Ռիո դե Ժանեյրոյում բացվում է Մեծ քսանյակի (G20) երկրների երկօրյա գագաթնաժողովը։ Հանդիպմանը հրավիրվել են G20-ի բոլոր երկրների և այլ պետությունների, այդ թվում՝ Անգոլայի, Բոլիվիայի, Կատարի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Մալայզիայի, Նիգերիայի, Սինգապուրի և Վիետնամի ղեկավարները։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Բրազիլիան իր նախագահության առանցքային թեմաներ է   ընտրել կայուն զարգացումը, գլոբալ կառավարման և ինստիտուտների բարեփոխումը, ներառյալ ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, սոցիալական ինտեգրումը և սովի դեմ պայքարը:

Նոյեմբերի 18-ին պլանավորված է Բրազիլիայի առաջարկած Սովի և աղքատության դեմ պայքարի համաշխարհային դաշինքի պաշտոնական մեկնարկը, որի նպատակն է մոբիլիզացնել երկրներին, միջազգային կազմակերպություններին և մասնավոր հատվածին՝ ձեռնարկելու միջոցներ, որոնք կերաշխավորեն սննդամթերքի հասանելիությունը, հատկապես առավել խոցելի տարածաշրջաններում:

Բրազիլիան նաև ցանկանում է հռչակագրում ներառել հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Ինչպես հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, G20-ի գագաթնաժողովին կմասնակցի ավելի քան 40 երկիր։

Գագաթնաժողովին մասնակցելու համար արդեն Բրազիլիայում են գտնվում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը և Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ Ռուսաստանը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս