Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի Ռումինիա — Կոսովո հանդիպումը չի ավարտվել նախատեսված ժամկետներում։ Հյուր թիմը լքել է խաղադաշտը մինչ հանդիպման մրցավարի սուլիչի եզրափակիչ սուլոցը։
Լիգա C-ի 2-րդ խմբում միմյանց էին հանդիպել առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող հավաքականները․ Ռումինիան մինչ այդ հաղթել էր բոլոր խաղերում, իսկ Կոսովոն հետ էր մնում առաջատարից 2 միավորով։
90 րոպեների ընթացքում երկու թիմերն էլ չկարողացան գոլ խփել․ այս արդյունքը ձեռնտու էր Ռումինիային, քանի որ թույլ էր տալիս խմբում ժամանակից շուտ հաղթանակ տանել։ Մրցավարը երկրորդ կեսին ավելացրել է 4 րոպե, սակայն չի հասցրել հնչեցնել եզրափակիչ սուլոցը։
Ավելացված ժամանակի ընթացքում ռումինացի Դենիս Ալիբեկի և ալբանացի Ալբիոն Ռրախմանիի միջև բախում է տեղի ունեցել։ Այդ պահին, ըստ սոցցանցերի տեղեկությունների, տրիբունաներում սկսել են «Սերբիա» վանկարկել, ինչը պատճառ է հանդիսացել, որ Կոսովոյի հավաքականը լքի խաղադաշտը։
Digisport-ը նաև հաղորդում է, որ Կոսովոյի հավաքականի պաշտպան Լյումբարդ Դելովան հանդիսատեսին ցույց է տվել երկգլխանի արծվի նշանը (Կոսովոյի և Ալբանիայի խորհրդանիշը), հավանաբար ի պատասխան Սերբիայի մասին վանկարկումներին։
Հանդիպման հետագա ճակատագիրը այս պահի դրությամբ որոշված չէ։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հանդիպումը չեղարկվել է, իսկ լրացուցիչ տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ։
Այն դեպքում, եթե ՈւԵՖԱ-ն տեխնիկական հաղթանակ շնորհի Կոսովոյի հավաքականին՝ 3:0 հաշվով, թիմը կզբաղեցնի առաջին տեղը խմբում և կբարձրանա B լիգա։
Մոտ մեկ տարի առաջ նմանատիպ հանգամանքներում ընդհատվել էր Ռումինիայի և Կոսովոյի հանդիպումը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի շրջանակներում։ Հետմրցաշրջանային քննարկումների արդյունքում ՈւԵՖԱ-ն պատժեց Ռումինիայի հավաքականին՝ անցկացնելով մեկ խաղ առանց հանդիսականների։