Աբխազիայում ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել խորհրդարանը, նախարարների կաբինետը և նախագահի գրասենյակը
Աբխազիայում ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել խորհրդարանի, նախարարների կաբինետի և հանրապետության նախագահի աշխատակազմի շենքերը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ աբխազական ընդդիմությունը գործակալությանը հայտնել էր, որ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան իր թիկնազորի հետ միասին լքել է հանրապետության նախագահի աշխատակազմի շենքը։ Ընդդիմության կողմնակիցները, ովքեր բողոքի ցույց են անցկացրել Աբխազիայի խորհրդարանի մոտ, պահանջում են նախագահ Բժանիայի հրաժարականը։
Իր հերթին Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա այժմ գտնվում է Սուխումում՝ միջոցներ ձեռնարկելով հանրապետությունում իրավիճակը կայունացնելու համար։
«Բժանիան աշխատում է Սուխումում, երկխոսություն է վարում հանրապետության տարբեր ուժերի հետ՝ իրավիճակը կայունացնելու նպատակով», – «Ինտերֆաքս»-ին հայտնել են Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Աբխազիայի նախագահի վարչակազմն ավելի վաղ հաստատել էր, որ փաստաթուղթ է պատրաստվում՝ խորհրդարանից հետ կանչելու Աբխազիայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի իրավաբանական անձանց կողմից Աբխազիայի տարածքում ներդրումային ծրագրերի իրականացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։
Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ «այդ որոշումն ընդունվել է հանրապետությունում իրավիճակը կայունացնելու նպատակով»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները ներխուժել են խորհրդարանի տարածք։ Բացի այդ, նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները չեղարկել են նիստի անցկացումը, որտեղ ներկայացված էր վերոնշյալ համաձայնագրի վավերացման հարցը։