Քո գլխին են սարքում, այ ընկեր, մի հատ խոսա. Արթուր Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանին
«Այն, ինչ արեց պարոն Ռուբինյանը, անգերազանցելի է. գիտե՞ք՝ ինչու հիշեց Նաիրի Հունանյանին, ասաց՝ նախկին դաշնակցական, որ վաղը, երբ այս կառավարությունը ձախողվի, ասի՝ այս կառավարության ձախողման մեջ մեղավոր է Հովիկ Աղազարյանը՝ որպես նախկին դաշնակցական: Քո գլխին են սարքում, այ ընկեր, ձեռի հետ էլ՝ մեր, բա մի հատ խոսա»,- ԱԺ-ում դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ինչ էլ անենք, դեմագոգիայի այդ աստիճանին հասնելն անհույս է: Հովիկ Աղազարյան, դու ջանդ յուղի: 6.5 տարվա վարչապետ է, 3.5 տարվա կառավարություն, և հիմա խոսում են ապագայի մասին՝ սենց ենք անելու, նենց ենք անելու:
Մխիթար Հայրապետյանն ասում է՝ դառնանք պրոդուկտներ արտադրող երկիր: Լավ, 6.5 տարի է՝ իշխանություն եք, դառնայիք, ո՞վ էր ձեզ խանգարում:
Բյուջեն ծրագրի ֆինանսական կողմն է, այն, որ ծրագրից շեղվել եք (արտաքին քաղաքականություն, Արցախի քաղաքականություն), լավ, բա տնտեսության մեջ ո՞նց եք շեղվել: Ի՞նչ էիք խոստացել՝ առնվազն 7 տոկոս տարեկան աճ: Հիմա որպեսզի կարողանա տակից դուրս գալ, ֆինանսների նախարարը մոգոնում է, ասում է՝ հա, բայց միջինում 7 տոկոս է եղել: Ձեր ծրագրում մի հատ միջին բառը ցույց տվեք, ձեր էդ սուտ թեզն էլ, որ Հ1-ը երեկ փորձում է տիրաժավորել»,- ասաց նա:
Արթուր Խաչատրյանը նկատեց՝ պետական պարտքը քանդում է տնտեսությունը. «Պետական պարտքը ներգրավում եք դոլարով, որպեսզի դոլարով պետական պարտքը սպասարկեք, դրամը ծանր եք պահում և դրա համար ԿԲ-ն ինտերվենցիա չի անում: Մենք դասական հոլանդական հիվանդության հետևանքները մի քիչ այլ ձևով ենք ունենում, այսինքն՝ տոկոսադրույքների փոխարեն՝ հարվածն իր վրա վերցնում է փոխարժեքը:
Ծանր դրամը թույլ չի տալիս արտահանել, դրա համար արտահանումները գալիք տարի մոտ 37 տոկոսով նվազելու են: Ձեր կառավարությունը Հայաստանը գցել է անիծյալ շրջանի մեջ, այդ արհեստական շնչառությունը տալիս եք պարտքի միջոցով, բայց դրանից հետո չեք թողնում, որ թոքերն աշխատեն, սպանում եք տնտեսությունը»:
Պատգամավորն անդրադարձավ նաև իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը. «Դուք ինչքան ուզում եք՝ Եվրոպայի դուռը ծեծեք, ասեք՝ գնում ենք դեպի Եվրոպա, Եվրոպան կարմիր գիծը գծել է, ասում է՝ ՍԵՊԱ-ն է, եկեք՝ հասեք դրան, հետոյի մասին կմտածենք: ԱՄՆ հետ հարաբերությունները ընդհանրապես… Նիկոլ Փաշինյանը երկրի միակ ղեկավարն է, ում ԱՄՆ ոչ մի նախագահ չի ընդունել, դա իրականություն է, պարոն Միրզոյան, Ձեր ասածը՝ papa likes mambo երաժշտություն է, դա է ձեր ելույթը:
Պաշտպանությունը՝ 660 միլիարդ, ինչքան տալիս եք՝ քիչ եք տալիս, ավելին պետք է տաք, բայց եկեք՝ անկեղծ լինենք, այդ 660 միլիարդի գնողունակությունը համեմատած, ենթադրենք, 2020 թվականի գներով՝ մի փամփուշտի գինը քանի՞ անգամ է փոխվել: Մոռացե՞լ եք, որ 44-օրյա պատերազմի արդյունքում մեր ռազմական արսենալի պոտենցիալի զգալի մասը կորել է, և պետք է փող դնեք, որպեսզի դա վերականգնվի: Պետք է հստակ ասեք, որ ոչ թե 2020 թվի նկատմամբ մենք ավելի հզոր ենք դառնում, այլ ասեք՝ գոնե մոտենո՞ւմ ենք մինչև 2020 թվականը, թե՞ ոչ: Այստեղ մի ասեք, բայց գոնե ձեր մեջ անկեղծ եղեք, փակ քննարկումների ժամանակ ասեք»:
Անդրադառնալով գիտության ոլորտին՝ նա նկատեց՝ փակվում է Վիկտոր Համբարձումյանի անվան ռադիոֆիզիկայի և ընդհանուր ֆիզիկայի ամբիոնը, փակվել է գիտատեխնիկական գրադարանը.
«Երբ ես ուսանող էի ֆիզիկայի ֆակուլտետում, 120 ուսանող ունեինք, այսօր քանի՞ հոգի են՝ 10-15: Կրթությունը… Այստեղ ենթադրում եմ, որ մեծամասնությունը դպրոցական տարիքի երեխաներ ունի. մի հատ հարցրեք՝ այդ երեխեքի, իրենց համադասարանցիների քանի՞ տոկոսն է կրկնուսույցների մոտ պարապում: Խոսում ես ուսուցչի հետ՝ նորմալ, պարկեշտ անձնավորություն, նորմալ մասնագետ, բայց այնպիսի համակարգ եք սարքել, որ ծնողներն երեխուն տանում են կրկնուսույցի մոտ: Դուք կրթական համակարգն այլանդակել եք»:
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ եթե իշխանությունները հղում են անում նախկինին ու ասում՝ այն ժամանակ էլ էր վատ, ընդունում են, որ ձախողել են.
«Ալեն Սիմոնյանն ասում է, որ այն ժամանակ աճն ավելի ցածր էր մեզ մոտ, քան տարածաշրջանում: «Կովկասյան վագր»-ը համաշխարհային բանկի ուսումնասիրությունն է, կարծեմ՝ պարոն Կոնջորյանն էլ ասաց՝ դա բարբաջանք է:
Ես չեմ հիշում, որ Համաշխարհային բանկը տարածաշրջանի մյուս երկրներին ավելի բարձր գնահատեր, ասեր՝ Ադրբեջանը տարածաշրջանի Տիրանազավր ռեքսն է կամ Մաուգլին է: Երբ Գաֆարովան բարեհաճի Ալեն Սիմոնյանի հետ հանդիպել, խնդրում եմ՝ փոխանցեք, թող այդ հարցը իրեն տա, ասի՝ ճի՞շտ է, որ Համաշխարհային բանկը ձեզ կոչել է տարածաշրջանի Մաուգլի»:
Ելույթի ավարտին Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ չի բացառում, որ սխալվում է, բայց եթե ճիշտ է հիշում՝ պետական երկկողմ այցով ԱՄՆ-ում եղել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, չի հիշում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը երկկողմ պետական այց կատարած լինեն ԱՄՆ:
«Ո՞նց թե, էս ինչե՞ր եք խոսում: Այսինքն՝ այնտեղ հանդիպումներ չե՞ն եղել: Երկկողմանի հանդիպումներ են եղել՝ կոնկրետ ծրագրային օրակարգով»,- հակադարձեց Արթուր Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում