Պուտինը հրամայել է հետ վերցնել Կուրսկի մարզը մինչեւ Թրամփի երդմնակալությունը. բրիտանական հետախուզություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ուժեղացնել Կուրսկի մարզում հակահարձակումը Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, գրել է The Telegraph-ը՝ հղում կատարելով բրիտանական հետախուզությանը եւ ՆԱՏՕ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Կրեմլում ցանկանում են հետ վերցնել շրջանը մինչեւ հանրապետականի երդմնակալությունը, որպեսզի ուժեղ դիրք ստանան Ուկրաինայի հետ պատերազմն ավարտելու բանակցություններում։ Հենց դրա համար էլ ՌԴ ՊՆ-ն Կուրսկի մարզ է ուղարկել հարվածային խմբավորում ռուս եւ հյուսիսկորեացի զինվորականներից՝ 50 հազար թվաքանակով։ Ավելի վաղ այս թիվը ներկայացրել էին The New York Times-ի աղբյուրները։ Հետագայում դա հաստատեց նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Թրամփի երդմնակալությունը նշանակված է հունվարի 20-ին։ Ռուսական բանակն արդեն կարողացել է հետ վերցնել տարածքի մոտ կեսը, որը զավթել էին ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում օգոստոսի 6-ից։ Բրիտանական հետախուզության տվյալներով՝ առաջիկա օրերին ՌԴ զինվորականները կուժեղացնեն գրոհները կամիկաձե դրոնների օգնությամբ՝ օգտագործելով նոր հարթակներ սահմանի մոտ։ Իրենց հերթին, ուկրաինական վերլուծաբաններն ասում են, որ Կրեմլը ձգտում է նաեւ օգտագործել իր հակահարձակունը Սումի մարզում առաջ գնալու համար։

Ուկրաինայի ՊՆ-ին մոտ կանգնած DeepState նախագիծը նշել է, որ Ռուսաստանին չի հաջողվել հաջողության հասնել Կուրսկում նոյեմբերի առաջին 10 օրերին, չնայած Պուտինի հայտարարությանը տարածքի «արագ» մաքրման մասին. ընդամենը 4 քառակուսի կիլոմետր է հանվել գորշ գոտուց։ Ուկրաինան շարունակում է պահել 611 քառակուսի կիլոմետր ռուսական տարածք։

Bild-ի փորձագետ Յուլիան Ռյոպկեն հակահարձակումը Կուրսկի մարզում բնութագրել է որպես «աղետ»։ Նրա տվյալներով՝ ռուս զինվորականները բախվել են հսկայական կորոստների՝ զրկվելով 200 զինվորից եւ 28 միավոր զրահատեխնիկայից, եւ կարողացել են հետ վերցնել միայն երկու ոչ մեծ բնակավայր՝ Պոգրեբկին եւ Դարյինոն։

«Սեւերսկ» խմբավորման խոսնակ Վադիմ Միսնիկը նշել է, որ ռուսական ստորաբաժանումները փորձում են գրոհել յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ։ «Կուրսկի շրջանում շատ դաժան մարտեր են ընթանում»,- Forbes-ին հաստատել է ուկրաինական անօդաչուների օպերատորը՝ Կրիգսֆորշեր ազդականչով։ Նրա խոսքով՝ ռուս դեսանտայինները 51-րդ գնդից եւ ծովային հետեւակները 155-րդ բրիգադից նոյեմբերի 11-ին ճակատային հարձակման են անցել Ուկրաինայի ԶՈւ-ի դեմ։ Կրիգսֆորշերը նրանց մոտ հաշվել է 18 БМП, БМД, МТ-ЛБ եւ զրահագնացներ հետեւակով, ինչպես նաեւ հինգ Т-72, Т-80 եւ Т-90 տանկ, որոնք գրոհում էին երեք խմբերով։ Նրա խոսքով՝ նրանց դիմավորել են ուկրաինական դրոնները եւ տանկերը, մարտը եղել է քաոսային եւ արյունահեղ, արդյունքում՝ ռուս զինվորականները թողել են 15 զրահագնաց եւ երեք տանկ։ «Մեր բախտը բերեց, որ նրանք հաճախ գրոհում էին «բանզայ» ոճով»,- նշել է Կրիգսֆորշերը։

Forbes-ի ռազմական մեկնաբան Դեւիդ Էքսը գրել է, որ երեք ուկրաինական բրիգադների ստորաբաժանումները պահում են ճակատի գիծը Կուրսկի ձախ թեւում, բայց ռուսական զորքերը, որոնք օգնության են կանչել հյուսիսկորեացիներին, գերազանցում են նրանց թվաքանակով եւ զենքով։ Մարտական գտործողությունների գոտի է ուղարկվում դեսանտայինների 76-րդ էլիտար դիվիզիայի գունդը։

Կրեմլը, հավանաբար, պատրաստ է հսկայական կորուստներ կրել Կուրսկի մարզում, կարծում է Էքսը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը խոստացել է վերջ դնել պատերազմին Ուկրաինայում եւ նրա գլխավոր առաջարկը ճակատի գծի սառեցումն է, որտեղով էլ որ այն անցնի։ Այսպիսով, եթե հրադադարը կնքվի այսօր, Պուտինը ստիպված կլինի Ուկրաինային տալ Կուրսկի մարզի մի մասը, ուստի նա ակնհայտորեն ձգտում է վերադարձնել մարզը մինչեւ հնարավոր հրադադարը՝ դրանով իսկ Կիեւին զրկելով ՌԴ ցանկացած մասի վերահսկումից, նշել է վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս