
Թրամփը Մայքլ Ուոլթսին խնդրել է դառնալ ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականը

Թեև երդմնակալությանն առնվազն 2 ամիս կա՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակ չի կորցնում և արդեն աշխատում է իր վարչակազմի առաջիկա նշանակումների ուղղությամբ։
Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, լավատեղյակ աղբյուրները հայտնում են, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է ԱՄՆ-ի ազգային գվարդիայի պաշտոնաթող սպա և պատերազմի վետերան Մայքլ Ուոլթսին դառնալ ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականը։
Մայք Ուոլթսը ԱՄՆ բանակի վետերան է: Նա աջակցում է ԱՄՆ-ի օգնությանն Ուկրաինային և ձգտում է ուժեղացնել վերահսկողությունը՝ Կիևի կողմից հարկատուների հաշվին ռազմական գործողությունների ֆինանսավորման նկատմամբ։
Ուոլթսն առավելապես կենտրոնացած է Չինաստանի հետ մրցակցության, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դիրքերը ամրապնդելու ուղղությամբ։ Ֆլորիդայի ներկայացուցիչ Ուոլթսը Հանրապետական շրջանակներում դիտարկվում էր որպես ազգային անվտանգության ոլորտում բարձր պաշտոնի հավակնորդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում։