ՌԴ-ն և Ինդոնեզիան առաջին անգամ ռազմածովային ուժերի զորավարժություններ են անցկացրել
Ճավայի ծովում տեղի են ունեցել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի նավերի «Օրուդա-2024» առաջին ռազմածովային զորավարժությունները:
Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։
Ըստ ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայության տեղեկատվության՝ զորավարժությունների առաջին օրը նավերը համատեղ զորաշարժ և բոլոր տեսակի ազդանշանների օգտագործմամբ կապի վարժանքներ են անցկացրել։ Երկրորդ օրը երկու երկրների նավերի անձնակազմերն ավտոմատ հրետանային կայանքներից և հրաձգային զենքից հեռակառավարվող կատերներին հրաձգությամբ հակազդելու վարժանքներ են անցկացրել։
«Հրաձգության ավարտից հետո անցկացվել են ծովափրկարարական վարժանքներ: Համատեղ առաջադրանքների կատարելագործման համար գործի են դրվել տախտակամածային ուղղաթիռներ», – տեղեկացրել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։
Զորավարժությունների ավարտից հետո Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները «Գրոմկի» կորվետի վրա ամփոփել են առաջին համատեղ զորավարժությունների արդյունքները:



