Բաժիններ՝

Արտերկրում փորձաքննությունը եզրակացրել է՝ Արարատ Միրզոյանին հարվածող անձն արտաքին հատկանիշներով նման չէ Թորգոմ Ասատրյանին․ փաստաբան

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտին հաջորդած իրադարձությունների ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված գործն արդեն 4 տարի է՝ ընթանում է։

Գործից անջատված Թորգոմ Ասատրյանի վերաբերյալ մասը դատավոր Ժորա Չիչոյանի վարույթում է։ Այս մասով հարցաքննված վկաները, այդ թվում՝ առանցքային վկաները՝ Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատակիցները, թեև պատմել են այդ օրը տեղի ունեցած դեպքերի մասին, բայց որևէ կերպ չեն նույնականացրել գործով ամբաստանյալին։ Միայն Արարատ Միրզոյանն է իր ցուցմունքում նշել, թե ճանաչում է ամբաստանյալին՝ դիմագծերից։

Թորգոմ Ասատրյանի պաշտպան փաստաբան Արա Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում պնդում է՝ իր պաշտպանյալը մեղավոր չէ, տեսագրությունում պատկերված անձը Թորգոմ Ասատրյանը չէ։

Կարդացեք նաև

«Մինչ Արարատ Միրզոյանի՝ դատարանում ցուցմունք տալը, միակ ապացույցը, որը Ասատրյանի դեմ դատախազությունը փորձում էր օգտագործել, տեսագրությունն էր, բայց ես համոզված եմ, որ դատախազությունը նախաքննության ընթացքում մասնագետների, փորձագետների հետ խորհրդակցել ու ստացել է տեղեկատվություն, թե փորձաքննություն նշանակելու պարագայում ինչպիսի՞ եզրակացություն կլինի, դրա համար համապատասխան փորձաքննություն չէին նշանակել։

Ես համոզված եմ՝ նաև սրանով էր պայմանավորված, որ Արարատ Միրզոյանը գար դատարան ու ուղղակիորեն ցուցմունք տար Թորգոմ Ասատրյանի դեմ․ Արարատ Միրզոյանն ասել է, թե նույնականացնում է Թորգոմ Ասատրյանին, ընդ որում՝ ինքն ասում է՝ ես նախաքննության ընթացքում քննիչին եմ ասել դրա մասին։ Հրապարակեցինք նախաքննական ցուցմունքները՝ նման բան չկա։ Միջնորդում ենք՝ քննիչին կանչեն դատարան՝ պարզենք՝ արդյոք ասե՞լ է, բայց միջնորդությունը մերժվում է։ Մենք ապշած ենք այս մոտեցումներից»,- մանրամասնեց փաստաբանը։

Արա Զաքարյանը տեղեկացրեց՝ տեսագրությունը, որի հիման վրա մեղադրանք է առաջադրվել իր պաշտպանյալին, դիմանկարային փորձաքննության է ուղարկվել նաև արտերկիր։

«Մոսկվայում փորձագետները եզրակացություն են տվել այն մասին, որ անձը, որը հարված է հասցնում, իր արտաքին հատկանիշներով նման չէ Թորգոմ Ասատրյանին։ Այսինքն՝ այն, ինչ իրենք առանց փորձանքննության վերացականորեն պնդում էին, թե տեսագրության մեջ հարվածներ հասցնողը Թորգոմ Ասատրյանն է, ու հրաժարվում էին նախաքննության ընթացքում համապատասխան փորձաքննություն իրականացնել, այս եզրակացությամբ հերքվում են»,- հավելեց նա։

Եզրակացությունը դատավորը կցել է գործի նյութերին, իսկ այդ առնչությամբ կողմերը դիրքորոշում կհայտնեն դեկտեմբերի 19-ին։

Թորգոմ Ասատրյանը շարունակում է մնալ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է, նա կալանավորված է շուրջ մեկուկես տարի։

Փաստաբանն այս գործով տեղյակ է ևս մեկ կալանավորվածի մասին։ «Գործով այլ կալանավորված անձինք կային․ այս գործով ում մեղադրանք էին առաջադրում, բոլորին կալանավորում էին, և եթե դատարանները բաց էին թողնում, վերադաս ատյաններն անմիջապես բեկանում-կալանավորում էին։

Մեր տեղեկություններով, անգամ դեպք գիտենք, որ դրա համար վերաքննիչ դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել, սակայն դրանից կարճ ժամանակ անց այդ անձի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարեցվել է։

Այս պահին մենք տեղեկություն ունենք ևս մեկ կալանավորված անձի վերաբերյալ, որը 2,5 տարի է՝ կալանքի տակ է»։

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց եռակողմ հայտարարությունը: Մեղադրյալի կարգավիճակում է նաև «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանը, որը կալանքի տակ է գտնվում 2023թ․ փետրվար ամսից։

Տեսանյութեր

Լրահոս