Բաժիններ՝

Աբրահամ Ռուսոն իր առևանգման գործով անցնող անձի դեմ 5,7 մլն ռուբլու հայց է ներկայացրել

Երգիչ Աբրահամ Ռուսոն 5,7 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել Մոսկվայի դատարան ընդդեմ Վլադիմիր Շեստոպալովի, որը կալանավորվել էր երգչի առևանգման գործի շրջանակում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսոյի փաստաբան Անդրեյ Ալեշկինին։

Պաշտպանի խոսքով՝ այդ գումարում ներառված է և՛ բարոյական փոխհատուցումը, և՛ հարակից ծախսերը (այդ թվում՝ դատական նիստում ներկայացուցիչ ունենալու համար), և՛ իրավաբանական խորհրդատվությունը:

Շեստոպալովին սեպտեմբերի սկզբին ձերբակալել էին Մոսկվայում։ Նա գրեթե վեց տարի դաշնային հետախուզման մեջ էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձի առևանգում՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքով): Մոսկվայի դատարանը հոկտեմբերի վերջին կարճեց Շեստոպալովի նկատմամբ գործը քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

Երգչի առևանգման գործով ավելի վաղ դատապարտվել էին նաև Զաուր Մարդանովը, Էլյար Դամիրովը և Վլադիմիր Գուսակովը: Բայց բոլորն արդեն ազատվել են պատժից քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրանալու կապակցությամբ։

Հետաքննությունը կարծում է, որ 2006-ին գործարար Թելման Իսմայիլովը որոշել է սպանել երգչին, քանի որ նա հրաժարվել է Իսմայիլովի հովանավորչությունից։ Գործարարն իր անձնական թիկնապահին հանձնարարել է գտնել մեկին, ով կկատարի այդ հանցագործությունը։

Դատարանում հաստատվել է, որ Իսմայիլովը 2004 թվականի հունվարին Ռուսոյին կանչել է Մոսկվայի «Պրահա» ռեստորան, որտեղ այլ անձանց հետ ծեծել է նրան, իսկ հետո ուղարկել իր առանձնատուն: Այնտեղ Իսմայիլովի մարդիկ Ռուսոյին ստիպել են չեղարկել բոլոր համերգները և պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել գործարարի պայմաններով էստրադային գործունեություն ծավալելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս