ԱՄՆ-ն զգուշացրել է Իրանին Իսրայելի վրա նոր հարձակում ձեռնարկելուց․ Axios

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախազգուշացրել է Թեհրանին Իսրայելի վրա նոր հարձակումից՝ հայտարարելով, որ չի կարողանա զսպել հրեական պետությանը, Axios-ին հայտնել են խնդրին ծանոթ մարդիկ:

«Մենք իրանցիներին ասել ենք. մենք չենք կարողանա զսպել Իսրայելին և չենք կարող երաշխավորել, որ հաջորդ հարձակումը կլինի նույնքան կշռադատված և նպատակային, որքան նախորդը», – պարզաբանել է պարբերականի աղբյուրը:

Իսրայելական աղբյուրը հայտնել է, որ հաղորդագրությունը Վաշինգտոնից Թեհրան է փոխանցվել Շվեյցարիայի միջոցով:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կովսարին հայտարարել է, որ Իրանի անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է պատասխանը, սակայն դեռ հստակ ամսաթիվ չի նշել: Կովսարին հայտնել է, որ հարձակումը կիրականացվի տարածաշրջանի այլ «դիմադրության ուժերի» հետ համակարգված և ավելի ուժեղ կլինի, քան հոկտեմբերի 1-ին Իրանի հարձակումը։

Անցյալ ուրբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը լրագրողներին ասել էր, որ Վաշինգտոնը «շատ հստակ ասել է, որ Իրանը չպետք է պատասխանի», և որ «մենք կշարունակենք աջակցել Իսրայելին», եթե դա տեղի ունենա:

Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, կործանիչներ, լցարկող ինքնաթիռներ և մի քանի B-52 հեռահար ռմբակոծիչներ է տեղափոխում Մերձավոր Արևելք:

«Պենտագոնի ղեկավարը շարունակում է ընդգծել, որ եթե Իրանը, նրա գործընկերները կամ պրոքսիները օգտվեն այս իրավիճակից՝ հարվածելու ամերիկյան անձնակազմին կամ տարածաշրջանում նրա շահերին, ապա Միացյալ Նահանգները բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի իր մարդկանց պաշտպանելու համար», – ասել էր Ռայդերը անցյալ ուրբաթ:

Նոյեմբերի 1-ին իսրայելական հետախուզության երկու աղբյուրներ Axios-ին հայտնել են, որ Իրանը մտադիր է Իրաքից Իսրայելի վրա հարձակվել առաջիկա օրերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։

Պարբերականի զրուցակիցների կարծիքով, Իսրայելն ակնկալում է, որ Իրանը մեծ քանակությամբ անօդաչու սարքեր և բալիստիկ հրթիռներ կկիրառի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին ասել է, որ Իսրայելը սխալ է թույլ տվել՝ անցած շաբաթ հարված հասցնելով։ Ըստ նրա, Թեհրանի պատասխանը «կտարբերվի ցանկացած սցենարից»։

Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, Axios-ին ասել է, որ Վաշինգտոնը վստահ չէ, որ Իրանը որոշել է հարձակվել Իսրայելի վրա։

Տեսանյութեր

Լրահոս