Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Ցոն Հին կորեական պատվիրակության գլխավորությամբ պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրությունը։
Դեսպանությունից հայտնել են, որ ԿԺԴՀ արտգործնախարարի ուղևորությունը ՌԴ տեղի է ունենում ռազմավարական երկխոսության շրջանակներում, որի ակտիվացման շուրջ պայմանավորվածությունը երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք է բերվել 2024 թվականի հունիսյան գագաթնաժողովի ընթացքում։
Ըստ հաղորդագրության՝ «ստորագրված նոր հիմնարար պայմանագրի ոգուն և տառին համապատասխան՝ կողմերը կանոնավոր կերպով խորացված խորհրդակցություններ կանցկացնեն երկկողմ հարաբերությունների և միջազգային քաղաքականության հարցերի շուրջ ինչպես բարձրագույն դիվանագիտական մակարդակով, այնպես էլ վերահսկող արտաքին գործերի փոխնախարարների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների միջև»:
Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հունիսին Փհենյանում ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Ընդհանուր առմամբ, համաձայնագիրն ունի 23 հոդված։ Համաձայն 4-րդ հոդվածի՝ եթե կողմերից մեկը մեկ կամ մի քանի պետությունների կողմից զինված հարձակման պատճառով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմը նրան անհապաղ ռազմական օգնություն կցուցաբերի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով:
Պայմանագիրը գործում է անժամկետ։ ՌԴ Պետդուման փաստաթուղթը վավերացրել է հոկտեմբերի 24-ին։