«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկի դիմումներ է ստացել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակում ընդգրկված 5 ավագանու անդամների թեկնածուներից՝ Հովսեփ Մարտիրոսյան, Մենուա Մկրտչյան, Հասմիկ Սամսոնյան, Հովիկ Հակոբյան, Սուրեն Ջանոյան։ Ինքնաբացարկի դիմումները քննարկելու եւ որոշում կայացնելու նպատակով ընտրական հանձնաժողովը նիստ էր հրավիրել։ Նիստին մասնակցում էր հանձնաժողովի 7 անդամից 6-ը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դիմումները ներկայացվել էին նոտարական վավերացմամբ, դիմումատուները նիստին ներկա չէին: Նրանցից ոչ մեկը գործող ավագանու անդամ չէր:
«Եթե ձեռագիր լիներ կամ առանց վավերացման, ապա անպայման նրանք պետք է ներկա լինեին եւ հավաստեին իրենց ինքնաբացարկը։
Վերջիններս ինքնաբացարկի պատճառ չեն նշել»,-լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ՝ Էմմա Հովհաննիսյանը, որը չունի ավագանու մանդատ։ Նա ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել հանձնաժողովին, երկրում չէ։
«Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս եկողների ցանկում է նաև տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը:
«Բալասանյան» դաշինքի կողմից ավագանու անդամների մանդատները վայր դնելու վերաբերյալ արձանագրություն հանձնաժողովը դեռ չի ստացել: