Բաժիններ՝

ԲՐԻԿՍ-ը կարող է նպաստել գլոբալ անվտանգության ամրապնդմանը. Գուտերեշ

ԲՐԻԿՍ-ը կկարողանա նպաստել միջազգային անվտանգության ամրապնդմանը և աջակցել պետությունների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությանը:

Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կազանում ընթացող «աութրիչ» («ԲՐԻԿՍ պլյուս») նիստում։

«Մենք պետք է ամենուրեք պաշտպանենք ՄԱԿ-ի կանոնադրության արժեքները, օրենքի գերակայությունը և բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության սկզբունքները:

Ապագայի գագաթնաժողովը (խմբ.՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել սեպտեմբերի 22-23-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման նախաշեմին) նախանշել է բազմակողմանիության ամրապնդման ուղեգիծը՝ ի շահ գլոբալ զարգացման և անվտանգության: Այժմ հարկավոր է խոսքը գործով հաստատել: Մենք հավատում ենք ԲՐԻԿՍ-ին և այն բանին, որ միավորումը կարող է կարևոր դեր խաղալ առաջադրված նպատակներին հասնելու գործում»,- նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

ԲՐԻԿՍ-ը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից. 2011 թվականին միավորմանը ​միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը​: 2024 թ. հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։ Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում տեղի է ունենում ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարների տասնվեցերորդ գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցում են նաև միավորման նոր անդամները, գործընկեր երկրները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս