«ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. ՔՊ վերնախավը ցուցմունքներ պետք է տա». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել։ Այդ հանցագործության հետեւանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարից ավելի մարդ փախստական է դարձել։ Դա կարելի նաեւ որակել հանցագործություն մարդկայնության նկատմամբ։
ԱԺ նախագահն ասել է, որ ըստ միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի մի շարք ռեզոլյուցիաների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա։
Այսպիսով, 2018 թվականից ի վեր, ըստ ՔՊ-ի ԱԺ նախագահի, իրենց իշխանությունը մերժել է Ադրբեջանի «օրինական» պահանջները, չի կատարել «միջազգային հանրության» առաջարկները, խախտել է ՄԱԿ-ի ռեզոլյուցիաների, պատերազմի ընթացքում չի ընդունել այն կանգնեցնելու առաջարկը, խախտել է զինադադարի պայմանավորվածությունը, պատերազմից առաջ Արցախն անվանել է Հայաստան, ու վերջ, դրանով հրահրելով պատերազմը, որի պատճառով եղել են վերը թվարկված արհավիրքները։
Այսպիսով, ՔՊ վերնախավը, քրեական օրենսդրության շրջանակում, ցուցմունքներ պետք է տա։
Հ.Գ. Նախորդ իշխանությունները չեն ընդունել այս մոտեցումը, ի տարբերություն ՔՊ վերնախավի, եւ դա եղել է լեգիտիմ կառույցի, ԵԱՀԿ Մինսկի Խմբի քննարկման առարկա։ Գործող իշխանությունն, ԱԺ նախագահի հայտարարությամբ, հակառակ տեսակետն ունի, վերը թվարկված հետեւանքներով հանդերձ»։