Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի հանքերը. «Փաստ»

Նախօրեին ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիան հրավիրել էր բրիֆինգ, որի բանախոսներն էին Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար ու կոալիցիայի նախաձեռնող Ամին Մամեդովը և կոալիցիայի անդամ, Ձեռնարկատիրության ու շուկայական տնտեսության խթանման հիմնադրամի ղեկավար Սաբիթ Բագիրովը։

Նրանք կրկին անդրադարձել են Նախիջևանին սահմանակից տարածքում (Երասխում) Հայաստանի կողմից մետալուրգիական գործարանի դադարեցված շինարարությանը, որն, ըստ իրենց, անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման 1991թ. կոնվենցիայի «կոպտագույն խախտում էր» (Էսպոյի կոնվենցիա): Եվ հերթական անգամ նշեցին, որ հենց ադրբեջանական կողմի բողոքներից հետո են կասեցվել շինարարական աշխատանքները։ Ամին Մամեդովը նշել է, որ թեև Հայաստանը Էսպոյի կոնվենցիայի անդամ է, սակայն չի պահպանում այն։

«Այդ կոնվենցիային միացած երկրներից յուրաքանչյուրը պարտավորվում է իրականացնել բնապահպանական գնահատում անդրսահմանային համատեքստում: Եթե երկիրն արդյունաբերական և տնտեսական գործունեություն է իրականացնում հարևան պետության սահմանին մոտ գտնվող տարածքում, նա պետք է հաշվետվություն ներկայացնի հանրությանը և հարևան պետության կառավարությանը»,- ասել է նա։

Որոշ ժամանակ առաջ էլ՝ սեպտեմբերի 12ին «Environmental Protection First» բնապահպանական կոալիցիան իր մեկամյա գործունեության կապակցությամբ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձել էին գրեթե նույն հարցերի շրջանակին։ Ամենայն հավանականությամբ, նման ակտիվությունը կապված է գալիք COP 29-ի հետ, որին ընդառաջ ադրբեջանական մեդիաներում շատ ակտիվ «տաքացվում» է Հայաստանի հանքարդյունաբերության կողմից պատճառված «ահռելի» վնասների մասին օրակարգը, որի նպատակը Հայաստանի տնտեսությունը հիմնահատակ ավիրելն է։

Տեսանյութեր

Լրահոս