Ջրի ելքերի մեծացումներ. Հայաստանի ո՞ր գետերն են առավել ռիսկային
Այսօր` հոկտեմբերի 17-ին, Հայաստանում ջրի ելքերի զգալի մեծացումներ են սպասվում հատկապես հանրապետության կենտրոնական, հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնի հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։
«Դա կարող է ընդգրկել Քասախ գետի ավազանը, Փամբակը, Ձորագետը, բոլոր գետավազանները կարող են ընդգրկված լինել, Ազատ գետի ավազանում ևս առավել բարձրացումներ կարող են դիտվել։ Բայց այստեղ շատ կարևոր է նաև ջերմաստիճանի ընթացքը։ Հաջորդող օրերին ջերմաստիճանի նվազում է սպասվում, հետևաբար եթե հոկտեմբերի 17-ին գետերի ջրի ելքերի բարձրացումներ լինեն, դրանք ամսի 18-ից աստիճանաբար կմարեն, և ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ ելքերի նվազում կունենանք»,– ասաց Միսակյանը։
Պատասխանելով հնարավոր հեղեղումների, գետերի` հունից դուրս գալու հավանականության մասին հարցին` նա ընդգծեց, որ այդ կանխատեսման համար շատ կարևոր է այն հանգամանքը, թե տեղումներն ինչ բնույթի կլինեն։
«Եթե դրանք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ինտենսիվությամբ թափվեն, այդ պարագայում, բնականաբար, մենք շատ ավելի բարձր ելքեր կունենանք։ Իսկ եթե այդ մեծ ծավալի տեղումները ավելի տևական ժամանակահատվածում դիտվեն, այդ գետերում գրի ելքերի բարձրացումները ոչ թե կտրուկ կլինեն, այլ աստիճանաբար, և վտանգավոր ելքերի ձևավորում տեղի չի ունենա»,– պարզաբանեց Միսակյանը։
Այդուհանդերձ, ըստ մասնագիտական գնահատականների, հայաստանյան գետերում այսօր և վաղը ջրի ելքերը մի քանի անգամ բարձրանալու են։ Ուստի Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնը հնարավոր ռիսկերի մասին տեղեկացրել է մարզպետարաններին, ճգնաժամային կառավարման կենտրոնին և բոլոր այն կառույցներին ու գերատեսչություններին, որոնք պետք է անհրաժեշտության դեպքում որոշումներ կայացնեն և իրազեկեն բնակչությանը։
Այս ընթացքում քաղաքացիներին խորհուրդ է տրվում հեռու մնալ գետերից։