Բաժիններ՝

Նեթանյահուն «ամոթալի» է համարում Իսրայելին զենք չմատակարարելու՝ Մակրոնի կոչը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամոթալի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչն այլ երկրներին՝ սահմանափակելու զենքի մատակարարումները հրեական պետությանը։ Այդ մասին նա հայտարարել է Le Figaro թերթին տված հարցազրույցում։

«Իսրայելը կարծում է, որ Եվրոպայում իր բարեկամները, ինչպիսին Ֆրանսիան է, պետք է կանգնեն իր կողքին»,- ասել է Նեթանյահուն։Նա նշել է ֆրանսիացի առաջնորդի կոչի անժամանակ բնույթը՝ հայտարարելով, որ այդ նույն ընթացքում Իրանը զինում է տարբեր խմբավորումների Մերձավոր Արևելքում, որոնց դեմ կռվում է Իսրայելը։

«Ես ամոթալի եմ համարում այդ կոչը, թեև մենք զենք չենք ստանում Ֆրանսիայից: Հուսով եմ, որ Ֆրանսիան կփոխի իր քաղաքականությունը, և մենք կկարողանանք աշխատել միասին հանուն Լիբանանի կայունության, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերի շուրջ», – հավելել է նա:

Ավելի վաղ Մակրոնը France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ Գազայում մարտական գործողությունների  համար Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումն առաջնահերթություն է հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին։

Նա խոստովանել էր, որ առայժմ դրական տեղաշարժեր չկան այդ հակամարտության կարգավորման հարցում, և Իսրայելը «չի ըմբռնում» Ֆրանսիայի դիրքորոշումը։ Նեթանյահուն զենքի մատակարարումների դադարեցման՝ Մակրոնի առաջարկն անվանել էր «խայտառակություն» և հայտարարել, որ Իսրայելը կհաղթի բոլոր հակառակորդներին նույնիսկ առանց Արևմուտքի օգնության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս