Հյուսիսային Կորեան պայթեցրել է երկու Կորեաները միացնող ճանապարհները
Հյուսիսային Կորեան իր կողմից պայթեցրել է Հարավային Կորեա տանող ճանապարհային հատվածները: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը` վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։
«Հյուսիսային Կորեան կեսօրին մոտ պայթեցրել է ռազմական սահմանազատման գծից դեպի հյուսիս ընկած Գյոնգի և Դոնգհա ճանապարհների հատվածները», – ասվում է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի հաղորդագրության մեջ:
Զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունն ու պատասխան գործողություններին պատրաստությունը:
Հոկտեմբերի 9-ին Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը նախազգուշացրել էր, որ փակում է Հարավային Կորեայի հետ կապված բոլոր ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները։
Հարավային Կորեայի՝ Միավորման հարցերով նախարարությունը հայտարարել է, որ Փհենյանի կողմից Հարավային Կորեա տանող ճանապարհային հատվածների պայթեցումը հակասում է 2018 թվականի միջկորեական համաձայնագրին, որը նախատեսում է Հյուսիսի և Հարավի միջև ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների միավորում մեկ ընդհանուր տրանսպորտային համակարգի մեջ։