Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իրանի ռազմական օբյեկտներին՝ միջուկայինի կամ նավթայինի փոխարեն. WP
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հայտնել է, որ ի պատասխան Իրանի կողմից արձակված հրթիռների՝ պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին՝ նավթային կամ միջուկային օբյեկտների փոխարեն:
Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Նեթանյահուն Բայդենի վարչակազմին հայտնել է, որ պատրաստ է հարված հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին, այլ ոչ թե նավթային կամ միջուկային», – հաղորդում է հրատարակությունը։
Ըստ The Washington Post-ի՝ սա ենթադրում է ավելի սահմանափակ պատասխան հարված՝ ուղղված լայնածավալ պատերազմի կանխմանը։Բայդենի և Նեթանյահուի միջև վերջին մի քանի շաբաթվա ընթացքում առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին։
Թերթը, վկայակոչելով աղբյուրների, գրում է, որ Նեթանյահուն «ավելի զուսպ դիրք է բռնել», քան նախկինում։ Սա, ի թիվս այլ բաների, ազդել է Բայդենի` Իսրայելին THAAD հակահրթիռային պաշտպանության հզոր համակարգ ուղարկելու որոշման վրա։
Հոկտեմբերի 1-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «Ճշմարիտ խոստում 2» գործողության շրջանակներում շուրջ 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ կպատասխանեն այդ գնդակոծությանը, երբ հարկավոր համարեն:
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելն, ի պատասխան այդ հրթիռակոծության, կարող է հարվածներ հասցնել Իրանի նավթային և միջուկային օբյեկտներին: