Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհները. Yonhap

Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեա տանող ճանապարհները. օրեր առաջ Փհենյանը խոստացել էր վերացնել երկու Կորեաներն իրար միացնող ճանապարհները և երկաթգծերը։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալները։

Հոկտեմբերի 9-ին Փհենյանը հայտարարել էր, որ «լիովին կանջատի» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։ Փհենյանը նաև հայտարարել էր, որ Հարավային Կորեայում գտնվող ԱՄՆ զինվորականներին հեռախոսով ուղերձ է ուղարկել՝ «ամրացման նախագծի հետ կապված» պատահական հակամարտությունից խուսափելու համար։

«Կորեայի ժողովրդական բանակի հոկտեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեայի զինվորականները ներգրավված են եղել այնպիսի գործողություններում, որոնք, ենթադրաբար, կապված են Գյոնգի և Դոնգհա գծերի երկայնքով ճանապարհների ռմբակոծման հետ», – ասվում է հարավկորեացի զինվորականների հայտարարության մեջ:

Առաջին գիծը միացնում է հարավկորեական Պաջու քաղաքը հյուսիսկորեական Կեսոնի հետ, իսկ երկրորդ գիծն անցնում է Ճապոնական ծովի ափի երկայնքով։Միացյալ շտաբների պետերի կոմիտեի խոսնակ Լի Սուն Յունը հայտնել է, որ հարավկորեացի զինվորականները նկատել են, թե ինչպես են հյուսիսկորեացիներն էկրաններ տեղադրում ճանապարհների երկայնքով՝ նախապատրաստվելով պայթյունների:

«Հնարավոր է, որ պայթյունները տեղի ունենան արդեն իսկ այսօր», – հայտնել է Լի Սուն Յունը։2023 թվականին ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը երկու Կորեաները որակեց որպես «երկու թշնամական պետություններ» և այդ ժամանակից ի վեր քայլեր է ձեռնարկել երկրների միջև համագործակցության խորհրդանիշ համարվող ճանապարհները ոչնչացնելու ուղղությամբ։

Հյուսիսային Կորեան ապամոնտաժել է փողոցային լամպերը և ականապատում իրականացրել սահմանին, զորքեր տեղակայել և հակատանկային արգելապատնեշներ կառուցել ապառազմականացված գոտու հյուսիսկորեական կողմում։

Հոկտեմբերի 11-ին ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այս ամիս Փհենյանի երկնքում հարավկորեական անօդաչու սարքեր են նկատվել երեք անգամ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չենը, նախազգուշացրել է «սարսափելի աղետի» մասին, եթե հարավկորեական անօդաչու թռչող սարքերը նորից թռչեն Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի վրայով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս