
«Mercedes G 550»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է հուշաքարին, ապա երկաթե արգելապատնեշներին. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Սարգիս Դ.-ն իր վարած «Mercedes G 550» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին «Չայնիի» ոլորանների սնզբնամասում՝ «Բոմբ» ակումբի հարևանությամբ՝ դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին, մասամբ կոտրել այն, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը նշված ճանապարհահատվածում եղած ասֆալտապատ տարածքի փոսն է ու երբ անձրև է գալիս, այն լցվում է անձրևաջրով ու վարորդները չեն նկատում, հայտնվում են փոսի մեջ, չեն կարողանում կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դառնում է վթարի պատճառ: