45 միլիոն դրամ. ՀԱԲԼԾԿ-ի հերթական աստղաբաշխական դրամաշնորհը՝ վարչապետի աշխատակազմից
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը 2021 թվականից սկսած՝ վարչապետի աշխատակազմից խոշոր դրամաշնորհներ է ստանում տարբեր միջոցառումների համատեքստում։ Պետգնումների էլեկտրոնային armeps համակարգից տեղեկանում ենք, որ 2021 թվականի դեկտեմբերից մինչև այս հոկտեմբեր ՊՈԱԿ-ին տրամադրվել է տասնյակ-միլիոնավոր դրամների 18 դրամաշնորհ։
Միայն այս տարի պետգնումների ցանկում արդեն իսկ 6 դրամաշնորհի պայմանագիր է հանրայնացվել, որից վերջինը՝ հոկտեմբերի 10-ին։ Վարչապետի աշխատակազմի կողմից տրված այս վերջին դրամաշնորհի պայմանագրի գինը կազմել է 45 միլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Ըստ պայմանագրի բնութագրի՝ գումարը ՊՈԱԿ-ին տրվել է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի վերահսկողության միջոցառման շրջանակներում, իսկ որպես ակնկալվող արդյունք է նշվել «քանակական՝ հայկական արտադրության բուսական ծագման մթերքի արտահանման ծավալների մեծացման հնարավորության ստեղծումը, որակական՝ ռիսկերի վերլուծության, կառավարման հնարավորության ստեղծումը և սպառողների պաշտպանության խթանումը»։
Նշվում է, որ իրականացվելու է 1430 հատ պեստիցիդների, 572 հատ ծանր մետաղների, 143 հատ նիտրատի և 110 հատ ԳՁՈ-ների հայտնաբերման փորձաքննություն։
Նկատենք՝ բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերին առնչվող խախտումների մասին հաճախ ահազանգում են ոչ միայն մասնագիտական տարբեր շրջանակներ, այլև Հայաստանից արտահանվող ապրանքն ընդունող երկրները։
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս խմբաքանակներում խախտումներ էին արձանագրվել ու ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու որոշում էր կայացվել, ինչը հայաստանյան հանրային շրջանակները տարբեր կերպ մեկնաբանեցին՝ չբացառելով քաղաքական համատեքստը։
Մինչդեռ մի քանի մասնագետներ ռուսական կողմի այս որոշումը պայմանավորում էին հայաստանյան պատկան մարմինների անհետևողական քաղաքականությամբ՝ նկատառմամբ, որ ըստ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարմազինի կողմից Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Հայրապետյանին ուղղված հուլիսի 4-ի նամակի՝ խնդիրների համապատասխան խախտումների մասին հայկական կողմին տեղյակ է պահվել դեռ հունիս ամսին։
Ի դեպ, շրջանառվող նամակում ասվում էր․ «Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանվող պտուղ-բանջարեղենային (խնձոր, լոլիկ) արտադրանքում 2024 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման 8 նոր դեպք»։