Նիկոլը էլի է տարածք հանձնելու. 1100քկմ-ից ավելի զիջել է Ադրբեջանին, 600-700քկմ էլ կտա, չհաշված միջանցքը. Հրանտ Բագրատյան
«Մեր գնահատմամբ, այս պահին արդեն 1100 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք ենք զիջել Ադրբեջանին, թեև Նիկոլն ասում է՝ 260 քառակուսի կիլոմետր։ Եվս 600-700 քառակուսի կիլոմետր է պատրաստվում զիջել՝ չհաշված միջանցքը: … 1987 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ եղել է սահմանազատում և սահմանագծում»,- «Միասին» շարժման կազմակերպած՝ «Googlemaps-ի կեղծարարությամբ ՀՀ տարածքները «դարձան» Ադրբեջան» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է հիմնական զեկուցող, ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը` նշելով, որ ՀՀ տարածքը միշտ եղել է 29.807 քառակուսի կիլոմետր՝ բոլոր տեսակի հանրագիտարաններում, բայց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց հայտարարել, որ ՀՀ տարածքը 29.743 կիլոմետր է, վերահրատարակություններում արագ թիվը փոխվել է։
Aravot.am-ի տեղեկացմամբ՝ Հրանտ Բագրատյանը այսօր նաև հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ իր հրապարակած թվից՝ 29.743 կիլոմետրից էլ, 300 քառակուսի կիլոմետրն Ադրբեջանը բռնազավթել է․ստացվում է, որ 29.450 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է խոսքը։
Ըստ խորհրդային շրջանի փաստաթղթերի, Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի հողահատկացումը կատարվել է 1957 թվականին ՀԽՍՀ նախարարների խորհրդի կողմից, մինչդեռ, 44-օրյա պատերազմից հետո այն Նիկոլ Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին։
Հրանտ Բագրատյանի հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն տարածքների, որոնք Նիկոլ Փաշինյանը հանձնել է Ադրբեջանին, դրանց պատկանելիության մասին բոլոր փաստաթղթերը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձեռքի տակ են եղել.
«Ընդհանրապես զարմանալի է, բայց Հայաստանը՝ լինելով ԽՍՀՄ պետություն, երկու անգամ սահմանազատել-սահմանագծել է Ադրբեջանի հետ սահմանը։ Առաջին անգամ դա եղել է 1925 թվականին։ 1984 թվականին Նիկոլայ Ռիժկովի տեղակալ Հեյդար Ալիևի ջանքերով ստեղծվում է նոր հանձնաժողով և երկու հանրապետությունները կրկին սահմանազատում-սահմանագծում են իրականացրել։
Հիշո՞ւմ եք, Փաշինյանն ասում էր՝ եղել է՝ Մոսկվան չի հաստատել։ Մոսկվայի հաստատելու հարց չկա, չորս տարի աշխատելուց հետո, 1988-ի հունվարի 12-ին ստորագրվել է մեկ հիմնական արձանագրություն, դրան կից կա 182 կից արձանագրություն և ամեն մի տեղական արձանագրության կցված է ձեռքով նկարած քարտեզ։ Այս բոլորը կա, դրանք տրվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ 9073 կիլոմետր սահմանագծվել է, բացառությամբ 6 կիլոմետրի՝ Ջերմուկի հատվածում, որի շուրջ չեն բարիշել։ Դա էն հատվածն է, որտեղ երկու փոքրիկ լճակ էլ կա, դա մերն է, Ադրբեջանն ասել է՝ կտամ, ժամանակ տվեք մտածենք՝ որտեղից փոխհատուցում տանք, այդտեղ մենք ինչ-որ բան ենք կառուցել։ Ի դեպ, այդ 9073 կիլոմետրի մեջ, Նախիջևանն էլ է մտնում»։
Արձանագրությունները հայկական կողմից ստորագրել է Պետագրոպրոմի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի պետագրոպրոմի նախագահ Մամեդյարովը։ Փաստաթղթերի տակ կան երկու հանրապետությունների մի շարք այլ կառույցների ներկայացուցիչների ստորագրություններ եւ մեթոդական օգնություն ցուցաբերած համամիութենական Գիպրոզեմի ղեկավարը՝ Բորոդինի ստորագրությունը։
Այդ արձանագրությունները նաև վավերացված են միութենական հանրապետությունների կնիքներով, ինչպես պահանջում էր այդ ժամանակվա սահմանված կարգը։
«Երբ իրենք Կիրանց էին սահմանագծում, իրենք սա գիտեին»,- հայտարարել է Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ 1987-ին սահմանագծելիս տեսնում են 1925-ի քարտեզները և սյուները ու Ադրբեջանի հույսերը չեն արդարանում, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանը նպատակ ուներ «մի հազար կիլոմետր պոկել Հայաստանից», բայց պարզվում է, որ «ոչ մի բան չունեն ստանալիք», ավելին․
«Պարզվում է, որ ոչ մի անկլավ չկա։ Խոսքը վերաբերում է Քյարքիին, Վերին Ասկեպարին, Սոֆուլուին և Բարխուդարլուին․ նման բան չկա եւ այստեղ արձանագրվում է։ Ես սրանք եմ ասում, որովհետև, հասկանում եք, Փաշինյանը տալու է և ասելու է՝ այդպես էր»։
Հրանտ Բագրատյանը հայտարարել է նաև, որ Բաղանիսի հատվածում դեռ Ադրբեջանը հայկական կողմին պետք է 140 քառակուսի կիլոմետր տար և այն ճանապարհը, որը հիմա գտնվում է Ադրբեջանի տարածքում, նույնպես կառուցված է ՀՀ ինքնիշխան տարածքում։
«Օրինակ, այստեղ նշված է, թե սահմանն ինչպես է անցնում Վարդենիսի հատվածում․ էստեղ գրված է՝ լեռնագագաթներով է անցնում և սյուներն էլ խփած են՝ 1466 հատ սյուն է խփած։ Օրինակ, Սև լճի շրջանում, հստակ գրված է, որ լճի միայն արևելյան ափն է պատկանում Ադրբեջանին, մյուս ափերը Հայաստանինն են և լճի արևելյան ափին երկու սյուն է խփած, դրանք այսօր էլ կան․ սյան տակ ածուխ են դնում, եթե սյուներն էլ հանես, կոտրես, ածուխի հետքերը մնում են»,-մանրամասնել է Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ Ոսկեպարի հատվածում հայկական կողմը զիջել է իր դիրքերը հենց այնտեղ, որտեղ որ մեր սահմանն էր։
Նա ցուցադրել է 1987-ի քարտեզ, ըստ որի` Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը Հայաստանինն է, իսկ Էյվազլի՝ 3 կիլոմետր քառակուսի տարածքով ադրբեջանական գյուղը, որն անընդհատ թմբկահարում է Նիկոլ Փաշինյանը, հայկական կողմը հրաժարվել է փոխանցել Ադրբեջանին և այն ևս քարտեզագրվել է ՀՀ տարածքում։
Հրանտ Բագրատյանը բացատրել է նաև ՌԴ նախագահի հայտարարությունը, ըստ որի` սահմանազատում-սահմանագծումը կիրականացվի 1926 թվականի ԳՇ քարտեզներով․
«Պատճառն այն է, որ 1926-ին արդեն եղել էր սահմանազատում-սահմանագծում և կա փաստաթուղթ։ Դրանից Ադրբեջանը դժգոհ է եղել։ Հետագայում, Արծվաշենի տարածքից հողեր են տրվել և Արծվաշենը դարձել է անկլավ։ Ադրբեջանը նաև առաջարկել է՝ իրենք հրաժարվեն անկլավներից, Հայաստանն էլ՝ Արծվաշենից․ Հայաստանը հրաժարվել է՝ ասելով, որ Արծվաշենը դուք եք անկլավ դարձրել։ Ի դեպ, սա միակ դեպքն է, որ վեճի պատճառով Մոսկվայում են որոշում կայացրել՝ որոշակի կիլոմետր տալ Ադրբեջանին։ Մնացած բոլոր դեպքերում՝ սուտ պատմություններ են։ ԽՍՀՄ տարիներին Հայաստանին ոչ ոք չի քցել»։
Հրանտ Բագրատյանը զգուշացրել է՝ ոչ մի քարտեզ վավեր չէ, եթե դրա տակ երկու կողմի ստորագրությունը չկա։ Իսկ 1987-ի քարտեզների տակ երկու կողմի ստորագրություններն էլ կան։ Ու, ըստ այդ քարտեզների, Կիրանցն ամբողջությամբ Հայաստանի տարածքում է։